ՄԱԿ-ի միջազգային աշխատաժողովում քննարկվել են օդի աղտոտվածության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Օդի աղտոտվածության և անդրսահմանային ազդեցության խնդիրներն են քննարկվել Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի համատեղ կազմակերպած աշխատաժողովի ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են պետական, գիտական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը ներկայացրել է շրջակա միջավայրի կայուն կառավարման և օդի աղտոտվածության նվազեցման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները։ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն անդրադարձել է օդի աղտոտվածության խնդիրների լուծմանն ուղղված միջազգային համագործակցությանը և ընթացիկ գործողություններին։

Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի երեք արձանագրության վավերացման Հայաստանի Ազգային գործողությունների ծրագիրը։

Աշխատաժողովի մասնակիցները քննարկել են նաև օդի որակի կառավարման ազգային քաղաքականությանը, մոնիթորինգի համակարգի կատարելագործմանը վերաբերող հարցեր։