Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն կինոարդյունաբերության ոլորտում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Հայաստանի վարչապետը ողջունել է Հնդկաստանի իր գործընկերոջը եւ նկատել՝ երկու երկրներն ու ժողովուրդները ունեն ամուր պատմական կապեր, որոնք երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ են պարունակում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը, եւ պատրաստ է շարունակել հետեւողական եւ ակտիվ համատեղ աշխատանքը առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։

Հնդկաստանի վարչապետը նշել է, որ ուրախ է Հայաստանի վարչապետի հետ առաջին հանդիպման առիթով եւ քննարկել հայ-հնդկաստանյան հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նարենդրա Մոդիի խոսքով՝ Հայաստան-Հնդկաստան բարեկամական կապերը դարավոր են եւ ամուր, եւ Հնդկաստանը հետաքրքրված է երկկողմ գործակցությունը զարգացնելու հարցում։
Նիկոլ Փաշինյանը եւ Նարենդրա Մոդին քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական, քաղաքական, մշակութային, հումանիտար կապերի խորացման հեռանկարները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, կինոարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ։ Առեւտրային կապերի ընդլայնման համատեքստում անդրադարձ է եղել գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացման եւ փոխայցելությունների կազմակերպման հարցին։ Կողմերը պայմանավորվել են կառավարությունների մակարդակով օժանդակել գործարարների խմբերի փոխանակմանը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական գործակցության զարգացման համար։

Հայաստանի եւ Հնդկաստանի վարչապետերը նաեւ մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Քաշմիրի նահանգի հարցի շուրջ։