Այս տարի հույս ունեի, որ վարչապետի՝ ՄԱԿ-ի ելույթը միտված կլինի ապագային, ավաղ․ Բաբաջանյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Նիկոլ

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթին։ Պատգամավորը նշել է, որ այս տարի հույս ուներ՝ վարչապետի ելույթը միտված կլինի ապագային, տարածաշրջանում և աշխարհում Հայաստանի նոր տեղին ու դերին, սակայն թեման կրկին հեղափոխությունն էր, դրա պատճառներն ու նպատակները։ Գրառումը՝ ստորև․

«Չգիտեմ աշխարհում քանի պետության առաջնորդի է հուզում Հայաստանի ժողովրդավարացումը, կոռուպցիայի դեմ պայքարը և այն հարցը, թե «հեղափոխությունը հրահրվել է մեր տարածաշրջանում իրենց դիմակայող գլոբալ ախոյանների կողմից»։

Անցյալ տարի, հենց այս օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ՝ ծանրալով մեծապես իր առաջնորդած հեղափոխության, դրա պատճառների և նպատակների վրա։

Այս տարի հույս ունեի, որ Հայաստանի վարչապետի ելույթը միտված կլինի ապագային, տարածաշրջանում և աշխարհում Հայաստանի նոր տեղին և դերին։

Ավաղ․․․

Անհերքելի է, որ Հայաստանը պետք է համադրի աշխարհի ուժային կենտրոնների շահերը՝ ներքին քաղաքականության արդյունավետ վերափոխման համար, սակայն դա չի կարող կատարվել պարզապես հռչակագրերով, այլ միայն ու միայն կոնցեպտուալ գաղափարական, առարկայական մշակումներով, հաշվի առնելով թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի, թե՛ մնացյալ կենտրոնների շահերն ու ուժային հարաբերակցությունը, միաժամանակ նաև սեփական քաղաքական ռեսուրսների համադրելիության աստիճանը դրանց հետ:

Հայաստանի վարչապետի ՄԱԿ-ում այսօրվա ելույթը ևս, ինչպես անցյալ տարի նույն օրը, նույն ամբիոնից հնչած ելույթը՝ որ արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձեր չեն լինելու:

Անցած մեկուկես տարիները ցույց են տվել, որ իսկապես շրջադարձեր չեն եղել: Շրջադարձեր չկատարելը, սակայն, չպետք է ենթադրեր, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինելու: Մինչդեռ իրականությունը վկայում է հենց դրա մասին: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը վարում է նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվում էր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի կողմից: Դա նշանակում է, որ մենք նույնպիսի անհամապատասխանության ու անհամարժեքության խնդիր ունենք նաև արտաքին քաղաքականության ասպարեզում: Որովհետև անկարելի է, որ ժողովրդավարական պետությունը վարի նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվել է նախկինում ավտորիտար իշխանության կողմից, և սա այն դեպքում, երբ նոր Հայաստանը, ժողովրդավարական ու համամարդկային արժեքներ որդեգրած Հայաստանը պետք է բառի բուն իմաստով բացվեր աշխարհի առաջ, պետք է նորովի հաղորդակցվեր աշխարհի հետ ու աշխարհը պետք է բերեր Հայաստան՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Մինչդեռ մենք անցած մեկուկես տարիների ընթացքում տեսել և տեսնում ենք վախվորած, զգուշավոր արտաքին քաղաքականություն՝ ռուսական ընդգծված ուղղվածության դոմինանտությամբ: Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականության մեջ շարունակում է գործել նույն ալգորիթմը, որը դրված էր նախկին ռեժիմի ոչ լեգիտիմ իշխանության արտաքին քաղաքականության հիմքում:

Չնայած Ադրբեջանի նախագահին հղված կոչին՝ ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում վարչապետի այսօրվա ելույթում բացակայում էր արցախյան կարգավորման գործընթացում որակական նոր շեշտադրումները, Թուրքիայի հետ հարաբերություններում փոփոխությունների հասնելու նպատակադրումը, Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, այլ ուժային կետրոնների հետ հարաբերությունները խորացնելու, զարգացնելու և այդու գլոբալ անվտանգության ապահովման կարևոր մաս դառնալու փոքր Հայաստանի մեծ հանձնառությունը»։