2018թ․ համեմատ ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը նվազել է․ Ասիական զարգացման բանկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հրապարակել է 2019թ. «Ասիական զարգացման հեռանկարները 2019» զեկույցի թարմացված տարբերակը, համաձայն որի՝ 2019թ. ՀՀ-ի տնտեսական աճի կանխատեսումը բարելավվել է՝ նախորդ ապրիլյան զեկույցի 4.3%-ի փոխարեն դառնալով 4.8%։

ԱԶԲ զեկույցի թարմացված տարբերակում նշվում է, որ Ասիայում աճը շարունակում է մնալ կայուն՝ տարածաշրջանում կանխատեսելով 5,4% տնտեսական աճ, կամ 0,3%-ով ավելի քիչ, քան նախատեսվում էր զեկույցի ապրիլին թողարկված տարբերակում, իսկ 2020թ. կանխատեսվում է մինչև 5,5% տնտեսական աճ կամ 0,1%-ով պակաս, քան նախորդ տարբերակում։ Բացառելով բարձր եկամուտ ունեցող նոր արդյունաբերական տնտեսությունները (Հոնկոնգ, Չինաստան, Կորեայի Հանրապետություն, Սինգապուր և Թայվան)՝ տարածաշրջանում այս տարի և հաջորդ տարի կանխատեսվում է մինչև 6.0% տնտեսական աճ։

Կենտրոնական Ասիայի երկրների ենթախմբի տնտեսական աճը թարմացված տարբերակով ավելացել է՝ 2019թ․ համար 4,2%-ից կազմելով 4,4%, իսկ 2020թ․ համար 4,2%-ից՝ 4,3%: Հատկանշական է, որ Հայաստանը այն երկրներից է, որի տնտեսական աճի կանխատեսումը թարմացման արդյունքում եղել է ամենամեծերից։ Նշվում է, որ երկու տարիների ընթացքում դեֆիցիտային կանխատեսումներն ընդլայնվել են Հայաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի համար, կրճատվել՝ Վրաստանի և Թուրքմենստանի համար:

Ըստ զեկույցի՝ ծառայությունների և մասնավոր սպառման ուժեղ աճի ֆոնին, այս թարմացումը բարձրացրել է 2019թ․ աճի կանխատեսումը՝ միաժամանակ պահպանելով 2020 թվականի կանխատեսումն անփոփոխ: 2019թ․ ՀՀ-ի տնտեսական աճի կանխատեսումը բարելավվել է՝ նախորդ ապրիլյան զեկույցի 4.3%-ի փոխարեն դառնալով 4.8%` հաշվի անելով 2019թ․ առաջին եռամսյակում մասնավոր սպառման աճի տեմպերը, իսկ 2020թ. կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ 5.5%։ Կանխատեսվում է նաև, որ 2019թ․ ՀՀ-ում գնաճի մակարդակը կկազմի 3%, իսկ 2020թ․ թարմացված կանխատեսումը կմնա անփոփոխ՝ 3,2%:

Չնայած նրան, որ 2018թ․ համեմատ ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը նվազել է, նշվում է, որ այն շարունակում է մնալ ակտիվ՝ գրանցելով ուժեղ ներքին պահանջարկ։ Արդյունաբերությունը, առանց շինարարության ոլորտի, գրանցել է բարձր ցուցանիշներ՝ ընդլայնվելով 5.2%-ով, պայմանավորված նրանով, որ արտադրության և հանքարդյունաբերության աճը գերակշռել է էլեկտրաէներգիայի ավելի ցածր արտադրությանը: Շինարարությունն աճել է 3.5%-ով՝ հիմնականում բնակարանաշինության ակտիվացման արդյունքում: Ծառայություններն աճել են 9.8%-ով՝ ի հաշիվ տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, ապահովագրության և հանգստի ոլորտներում արձանագրված մեծ ձեռքբերումների: Անբարենպաստ եղանակները զսպել են գյուղատնտեսության ոլորտի աճը՝ 2018թ. արձանագրելով ընդհանուր 8.5%-ի նվազում, որը շարունակվել է այդ 2019 թ. առաջին կիսամյակում՝ արձանագրելով 6.9%-ով անկում: Մասնավոր սպառումը կիսամյակի ընթացքում ընդլայնվել է 14%-ով՝ պայմանավորված չափավոր գնաճով, դրական սպառողական տրամադրությամբ և ցածր տոկոսադրույքով։

Զեկույցում նշվում է, որ Տարածաշրջանային աճի կանխատեսման վերանայումը հիմնականում կապված են առևտրային լարվածության սրացման հետ, որոնք ազդել են մասնավորապես՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիայի ավելի բաց տնտեսությունների վրա, ինչպես նաև զարգացող տնտեսությունների զարգացման տեմպերի և ներդրումների նվազման հետ: Թարմացված զեկույցում նշվում է նաև, որ վերջին տասնամյակում՝ տարածաշրջանում և՛ պետական, և՛ մասնավոր պարտքի ավելացումը կարող է վնասել ֆինանսական կայունությանը, և տնտեսությունները ցնցումների նկատմամբ ավելի խոցելի դարձնել:

Երկարաժամկետում, զեկույցն ուսումնասիրում է Ասիայի զարգացման համար քաղաքների աճող նշանակությունը։ Ըստ զեկույցի՝ զարգացող Ասիայի բարգավաճող քաղաքներին պետք են տարածքային և տնտեսական արդյունավետ ու համակարգված տրանսպորտային ցանցեր, պլանավորված քաղաքային ընդլայնում և մատչելի բնակարանաշինություն, որպեսզի դրանք շարունակեն մնալ շարժիչ ուժ՝ տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման համար: Զեկույցում կարևորվել է նաև քաղաքների էկոլոգիական կայունությունը։