Զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար աբովյանցուն մեղադրանք առաջադրվեց

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ձերբակալություն

ՀՀ քննչական կոմիտեի  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի 38-ամյա բնակչին:

Աբովյան քաղաքի բնակչի բնակարանի մուտքի դուռը և նրա ընտանիքին պատկանող՝ բակում կայանված  «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի առթիվ  վերը նշված վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործության մեկ այլ դեպք:

Մասնավորապես, նշված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել` Աբովյանի բնակչի կողմից ապօրինի կերպով զենք պահելու վերաբերյալ: Վերջինիս կողմից շահագործվող ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն հանդիսացող ատրճանակը՝ 8 հատ փամփուշտներով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքի առթիվ, որը միացվել է Աբովյանի բնակչի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների  արդյունքում պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1981թ., ապօրինի կերպով ձեռք է բերել և իր կողմից շահագործվող «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի կերպով պահել և փոխադրել է սարքին վիճակում գտնվող, կրակելու համար պիտանի ակոսափող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «Մակարով» տեսակի ատրճանակ ՝ ռազմամթերք հանդիսացող, կրակելու համար պիտանի 8 հատ փամփուշտներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աբովյան քաղաքի 38-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Որոշում է կայացվել՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքի առթիվ, հարուցված քրեական գործը անջատել և առանձնացնել առանձին վարույթ, որի նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ` ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: