Նեյմարն ու «Բարսելոնան» պայմանավորվել են, դատավարություն տեղի չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Սպորտ

«Բարսելոնան» եւ թիմի նախկին հարձակվող Նեյմարը առանց դատարանի կհարթեն բոնուսային վճարումների հետ կապված տարաձայնությունները, հաղորդում է AS-ը։ Սեպտեմբերի 27-ին Բարսելոնայում նշանակված դատական նիստը տեղի չի ունեցել։ Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվողը Բարսելոնայից վերադարձել է Փարիզ։

Նեյմարն ու «Բարսելոնայի» ղեկավարությունը համաձայնության են հասել առանց դատավարության բանակցել եւ հասնել փոխզիջման։ Փաստաբաններն առանց ֆուտբոլիստի կշարունակեն գործընթացը։

Նեյմարը կատալոնական ակումբից պահանջում է 26 միլիոն եվրո, որը նա պայմանագրով պետք է ստացած լիներ կատալոնական թիմում հանդես գալու ժամանակ բոնուսների տեսքով։

«Բարսելոնան» ֆուտբոլիստի դեմ եւս հայց է ներկայացրել եւ պահանջում է վերադարձնել 14 միլիոն եվրոն, որը նա ստացել է պայմանագրի ժամկետի ընթացքում ակումբից չհեռանալու պարտավորության համար։ Սակայն Նեյմարը 2017-ին տեղափոխվեց ՊՍԺ։