Որքա՞ն է կազմում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Գերմանիայի և Կանադայի հայ դեսպանների ունեցվածքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հասարակություն

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի դրամական միջոցները 2018թ-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն կազմել է 67 հազ․ դոլար, ինչի մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքից։ Դեսպանը հայտարարագրել է նաև «TOYOTA SEQUOIA 4.7» մակնիշի մարդատար մեքենա, որը նույն տարում օտարել է 3,6 մլն դրամով։ Հարկային տարվա եկամուտը կազմել է 12,3 մլն դրամ, որը գոյացել է գույքի օտարումից և աշխատավարձերից։

ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի դրամական միջոցները կազմում են 4,8 մլն դոլար, 48 մլն ռուբլի և 1500 ֆունտ ստերլինգ։ Հարկային տարում հանձնած փոխառության չափը կազմել է 1,2 մլն դոլար, իսկ եկամուտը՝ 25,5 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից, վարձակալության հանձնված գույքից ստացած գումարից և շահաբաժնից։

Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը 2018թ․ հայատարարագրել է «SUZUKI SX4 1.6» մարդատար մեքենա, իսկ դրամական միջոցը կազմել է 11 հազ․ 700 շվեյցարական ֆրանկ։ Դեսպանի հարկային տարվա եկամուտը կազմել է 10 հազ․ 410 շվեյցարական ֆրանկ, որը գոյացել է աշխատավարձից։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը 2018թ․ ձեռք է բերել «MERCEDES-BENZ C 200» մակնիշի մարդատար մեքենա՝ 43 հազ․ 649 եվրոյով, նույն մակնիշի մեքենա նույն տարում դեսպանը օտարել է 18 000 եվրոյով։ Աշոտ Սմբատյանի դրամական միջոցները կազմել են 22 հազ․ 50 դոլար և 115 հազ․ եվրո։ Հարկային տարվա եկամուտը կազմել է 41 հազ․ 40 եվրո։