Որևէ համայնքի ղեկավարի չեմ առաջարկել դառնալ ՔՊ անդամ․ մարզպետը՝ Նորաշենի գյուղապետի մասին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Արարատի մարզպետարանում Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի մասնակցությամբ հանդիպման ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել է, որ սուտ է, թե Նորաշենի համայնքի ղեկավարին առաջարկել է դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: 

«Ես որևէ համայնքի ղեկավարի չեմ առաջարկել դառնալ ՔՊ անդամ: Մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, որ այս մարզից դարձել են ՔՊ անդամ: Դրանց թվում ոչ մի համայնքի ղեկավար չկա»,-հայտարարել է նա:

Նորաշենի համայնքապետը պնդել է, որ մեկ տարի առաջ մարզպետն իրեն նման առաջարկ արել է, սակայն ինքը բնականաբար չունի ձայնագրություն:

«Երկրորդ սուտը, իբր ընտրությունների ժամանակ ակնկալիք եմ ունեցել, որ ինքն ինձ համար ձայներ ապահովի: Ես նրան ոչ մի անգամ նման հարցով չեմ դիմել, նման ակնկալիք չեմ ունեցել: Տարբեր մարդիկ են դեսպանի տեսքով եկել և փոխանցել իր խոսքը, որ ինքը պատրաստ է տարբեր ձևերով ապացուցել, որ ինքը այսքան ձայն կարող է ապահովել: Ես էլ այդ մարդկանց ասել եմ՝ փոխանցեք, որ ես դրա կարիքը չունեմ: Ռոստովներից որ ձեր եղբոր ընկերները եկել էին ընտրության օրերին այստեղ էին»,-ասել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Ավելի վաղ, Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն, դադարեցվել էին գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Որոշման առնչությամբ Նորայր Գրիգորյանի կողմնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել և հայտարարել, թե այդ որոշումն անօրինական է, և որ չկա ավագանու նիստի արձանագրություն։

Ակցիայի մասնակիցները պահանջել են ներկայացնել այն արձանագրությունը, որի հիման վրա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները: