ԶՈՒ ԳՇ պետը շրջել է ռազմավարական զորավարժությանը մասնակցող զորամասի տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է ռազմավարական զորավարժությանը մասնակցող զորամիավորման կառավարման կետերից մեկում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է զորավարժությունների պլանով նախատեսված միջոցառումների կատարման և պահեստազորայիններով համալրվածության, անցկացվող մասնագիտական և մարտավարական պարապմունքների մասին:

ԶՈՒ ԳՇ պետը շրջել է զորամասի տարածքում, ստուգել հրամանատարների կողմից ընդունված որոշումների իրատեսությունը, տեղում ծանոթացել զորավարժության շրջանակներում ծավալված աշխատանքային խմբերի գործունեությանը, տրված առաջադրանքների կատարման ընթացքին և լսել մարտական խնդիրների կատարման վերաբերյալ պաշտոնատար անձանց զեկույցները:

Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի և զորավարժության ընթացքի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել աշխատանքային խմբերի ղեկավարներին: