Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

.

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների ու մարդու իրավունքների հարցին, ինչպես նաև սպորտում ատելության կրկնվող դեպքերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա շեշտել է, որ այդ հարցերն ընկած են Եվրոպայի Խորհրդի արժեհամակարգի հիմքում:

«Առաջինը ցանկանում եմ անդրադառնալ փոքրամասնությունների և մարդու իրավունքների հարցին:  Հավանաբար արդեն լսել եք, որ թալիշ հայտնի ակտիվիստ Ֆահրադդին Աբասզոդան, որը ձերբակալված է Ադրբեջանում իր ծավալած գործունեության պատճառով, մի քանի օր առաջ հայտարարել է հացադուլ՝ ի նշան իր դեմ իրականացվող բռնության և հոգեբանական ճնշման: Թալիշները Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից են և փոքրամասնություն են այդ երկրում, ուստի կարծում եմ՝ մենք չենք կարող անտարբեր լինել այս հարցի վերաբերյալ և պետք է ձեռնարկենք անհրաժեշտ միջոցները կանխելու փոքրամասնությունների և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը ԵԽ անդամ երկրներում»,- ասել է Հայրապետյանը:

Անդրադառնալով երկրորդ հարցին՝ նա նշել է, որ սպրոտում նույնպես ատելության դեպքեր են լինում:

«Ցավոք, անցած անգամ մենք փորձեցինք ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում դրսևորվող ակնհայտ խտրական վերաբերմունքին հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի և նրա երկրպագուների հանդեպ: Դա սպորտում ատելության ակնհայտ դրսևորում էր: Ցավոք, ԵԽ Քարտուղարությունը բավարարվեց միայն գրավոր դեկլարացիայով: Արդյունքում սպորտում ատելության դեպքը կրկնվեց: Հայտնի ՀՀ շախմատի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը չկարողացավ մասնակցել Թուրքիայում անցկացվող մրցումներին՝ ադրբեջանական պատվիրակության պահանջի հիման վրա»,- ասել է պատգամավորը:

Նա վստահություն է հայտնել, որ չնայած ԵԽ անդամ երկրների միջև առկա հակամարտություններին, տարաձայնություններին և բանավեճերին, այդուհանդերձ՝ սպորտը մնում է այն յուրահատուկ ոլորտներից մեկը, որտեղ խտրականությունը տեղ չունի, որտեղ նմանատիպ դեպքերը պետք է բարձրաձայնվեն և կանխվեն անմիջապես:

«Եկե՛ք աչք չփակենք և ձեռնարկենք անհրաժեշտ քայլերը սպորտում ատելության դեպքերը կանխելու համար»,- կոչ է արել Տաթևիկ Հայրապետյանը: