Կառավարությունը հստակեցրել է մարզպետների լիազորությունները. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 1, 24News

աժ

ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է  տարածքային կառավարման մարմինների գործունեությունը կարգավորել օրենքով, այլ ոչ թե նախագահի հրամանագրերով: Նախագծով հստակեցվում են նաև մարզպետների լիազորությունները: Այն ներկայացրեց Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Տարածքային կառավարման մասին օրենքի նախագծով սահմանել ենք տարածքային կառավարման ոլորտում կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները, սահմանել ենք մարզպետների և՛ ընդհանուր, և՛ ըստ հիմնական բնագավառների լիազորությունները, նկարագրել ենք մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջինիս ներկայացվող պահանջները: Սահմանել ենք նաև մարզպետին կից գործող խորհրդակցական մարմնի՝ մարզի խորհրդի ինստիտուտը: Դրա կազմավորման և գործունեության կարգը նախատեսել ենք սահմանել կառավարության կողմից »,-ասաց Տերտերյանը:

Տարածքային կառավարման մասին օրենքի նախագծում մեծ բլոկ է կազմում մարզպետի և նրա ընդհանուր լիազորությունների նկարագրությունը: Փոխնախարարի խոսքով, սակայն, փորձել են օրենքի նախագիծը նախապատրաստելիս շատ չշեղվել մինչև այժմ ունեցած պրակտիկայից, արմատական փոփոխությունների խնդիր այս պահին չեն դրել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խնդրանքով Տերտերյանն առանձնացրեց փոփոխություններից երեք կարևորագույնը:

«Առաջինն այն է, որ տարածքային կառավարման մարմինների գործունեությունն այսուհետ կարգավորում է օրենքով, մինչ այդ կարգավորվում էր նախագահի հրամանագրերով: Մենք հաճախ ունենում էինք իրավիճակներ, երբ օրենսդրական փոփոխությունները պետք էր շատ արագ ու սինխրոնիզացված իրացնել նախագահի հրամանագրում: Դա միշտ չէ, որ ստացվում էր՝ ոչ միայն տեխնիկական պատճառներով»,-ասաց փոխնախարարը:

Նա երկրորդ կարևոր կետն այն համարեց, որ տարածքային կառավարման մարմինների պատասխանատվության դաշտից իրավական և մասնագիտական հսկողությունը տեղափոխում են պետական կառավարման լիազոր մարմին, այսինքն՝ քաղաքական հարթություն: Գործող կարգով նախարարությունն է կրում իրավական և մասնագիտական հսկողության համաչափության, բովանդակության համար քաղաքական պատասխանատվությունը: «Հիմա մենք դա տեղափոխում ենք տարածքային կառավարման լիազոր մարմնի դաշտ: Իսկ մարզպետներին դիտում ենք որպես ինստիտուտներ, որոնք ավելի մոտ են կանգնած համայքներին և կարող են լիազոր մարմնի գործունեության տիրույթում ներգրավել իրենց մասնագիտական փորձառությունը, գիտելիքները և ոչ ավելի»,-նշեց Տերտերյանը:

Փոխնախարարը երրորդ կարևորությունն այն համարեց, որ մարզպետների լիազորությունները նկարագրել են ավելի կոնկրետ, ավելի գործնական ու ավելի արդյունքամետ բառապաշարով: Նրա կարծիքով՝ դա հնարավորություն կտա մարզպետների գործունեությունն ավելի հստակ ու առարկայական դարձնել և իրացնել մի կարևոր թեզ՝ չափելիության և գնահատման վերաբերյալ: