ԵԱՏՄ առաջնորդները՝ Երևանում. նախանշվում են խնդիրների լուծման և զարգացման նոր ուղիներ  

  ԵՐԵՒԱՆ, 1  ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

Եվրասիական տնտեսական միությանը զարգացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակ լինելու համար անհրաժեշտ է արագ որոշումներ կայացնել, այսինքն՝ փոխվել այնպես, ինչպես փոխվում է հենց աշխարհը։ Այս  խոսքերը պատկանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին, որը ԵԱՏՄ անդամ լիդերների գագաթնաժողովից հետո ելույթ ունեցավ նաև «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ հնարավորությունները»  խորագրով գիտաժողովի ժամանակ։ Սա արդեն վերջում, երբ բոլորը ժամանել էին, հանդիպել, քննարկել ու որոշել։ 

ЕАЭС 1

Իրականում, Երևանը ԵԱՏՄ շնչով սկսեց լցվել դեռ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, երբ Զվարթնոց օդանավակայանում մեկը մյուսի հետևից վայրէջք կատարեցին Իրանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի ու Բելառուսի առաջնորդների ինքնաթիռները։ Նրանք շատ էին, իսկ դիմավորողը մեկը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

ЕАЭС2

Չնայած ԵԱՏՄ անդամ երկրները հավասար են, սակայն, այնուամենայնիվ, օրվա գլխավոր հյուրը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ժամանեց միայն այսօր՝ կեսօրին։ Մոտավորապես 12:30-ին  ռուսական պետության համար մեկ բորտը իջավ Զվարթնոցում, որտեղից ՌԴ նախագահն ու իրեն ուղեկցող պատվիրակությունը մեկնեցին Բաղրամյան 26։ Այստեղ  րոպեներ անց մեկնարկեց ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորեց բարձրաստիճան հյուրերին նախագահական պալատում ավանդական ձեռքսեղման ու լուսանկարման արարողության համար, որից անմիջապես հետո սկսվեց հիմնական աշխատանքը՝ նախ նեղ կազմով հանդիպում, ապա արդեն ընդլայնված, որին բացի Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախսատանի, Ղրղսզտանի ու Բելառուսի առաջնորդներից մասնակցում էին Իրանի, Մոլդովայի և Սինգապուրի ղեկավարները։ Հենց վերջինիս հետ էլ ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանն ու ԵԱՏՄ անդամ պետությունների փոխվարչապետները ստորագրեցին ազատ առևտրի համաձայնագիրը։ Նեղ կազմով հանդիպումից հետո ԵԱՏՄ առաջնորդները մի քանի րոպե ազատ շփվեցին, այնուհետև տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի , Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի ու Տիգրան Սարգսյանի համատեղ ասուլիսը։ 
Ընդհանրապես, վերջին երեք տարվա ընթացքում ԵԱՏՄ-ն ակտիվ աշխատանքներ է սկսել իր տնտեսական աշխարհագրությունը ընդլայնելու համար։ Սինգապուրից բացի գրեթե մեկ ամիս հետո սկսելու է գործել Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր պայմանագիրը, որը բավական մեծ հնարավորություններ է տալիս ամրապնդել մեր տնտեսական ներկայությունը հարևան երկրում, ինչպես նաև օգտագործել Հայաստանի տարածքն իբրև իրանական ապրանքների համար տարանցիկ ճանապարհ դեպի ԵԱՏՄ այլ պետություններ։ 

ԵԱՏՄ

Ինչպես իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նմանատիպ համաձայնագրեր են սպասվում նաև Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի  հետ։  ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին հավելեց՝ ԵԱՏՄ-ն այսօր բանակցություններ է վարում 13 երկրների հետ։ 
Բայց մինչ այդ, ԵԱՏՄ-ում հասկանում են՝ պետք է վերացնել բիզնես միջավայրին խոչընդոտող բոլոր երևույթները, ստեղծել միասնական բրենդներ ու անցնել միասնական թվային համակարգի։ Հենց սրան էլ վերաբերվում էր ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքը, երբ վերջինս խոսում էր միասնական կազմակերպության հեռանկարների մասին։ 
Նշենք, որ խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում։