Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը նշեց «Խաղաղության լապտերներ» ծրագրի 15- ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

«Խաղաղության լապտերներ» հայ-ճապոնական ծրագրի շրջանակում շուրջ տասնհինգ տարի «Հիկարի» կենտրոնի սաները, խաղաղության կոչ անելով աշխարհին, իրենց ձեռքերով նկարազարդված բազմաթիվ լապտերներ են ուղարկում Ճապոնիա՝ ի հիշատակ Հիրոսիմայում  և Նագասակիում ատոմային ռմբակոծման անմեղ զոհերի:

Ծրագրի 15-ամյակի կապակցությամբ «Հիկարի» կենտրոնում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ միջոցառում, որի բացմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ասաց, որ 2005 թվականից սկսած «Հիկարի» կենտրոնում երեխաները պատրաստում են ճապոնական ավանդական կռունկներ և ի նշան սգի  և հավատարմության դրանք ուղարկում են Հիրոսիմա : «2007 թվականից ծրագրին միացել են նաև այլ երկրներ, և այն դարձել է միջազգային: Ես հույս ունեմ, որ նման ծրագրերը խաղաղություն կտարածեն ամբողջ աշխարհում»,-նշեց դեսպանը:

Միջոցառմանը ցուցադրվեց ծրագրի 15 տարին ներկայացնող տեսաշար: Այնուհետև կենտրոնին հանձնվեց ճապոնացի լուսանկարիչ և պրոդյուսեր Նոբու Կատաոկայի լուսանկարչական աշխատանքը՝ տեսաողջույի ուղեկցությամբ:

Երեկոն եզրափակվեց համերգով, որտեղ ելույթ ունեցան «Հիկարի» կենտրոնի անդամները և ճապոնացի երիտասարդ դուդուկահար Կենտո Սուզուկին:

Նշենք, որ սկսած 2005 թվականից «Հիկարի» կենտրոնը ձեռնարկել և իրականացնում է «Խաղաղության լապտերներ» խորագրով ծրագիրը, որը 2008 թվականից վերածվել է միջազգայինի: Հայ փոքրիկներին միացել են երեխաներ Կանադայից, Անգլիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Ծրագիրը հիմք հանդիսացավ սկսելու Երևան-Հիրոսիմա` քույր քաղաքներ գործընթացը: