Կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե․ ռազմավարության իրականացմանը կհատկացվի 16 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ ռազմավարության հիմնական շեշտադրումը արված է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալիզման վրա:

«Նախագծով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով՝ ստեղծելով հնարոավորինս ճկուն կառուցակարգեր: Ամբողջությամբ վերանայվում է իրավապահ համակարգը հետագայում այն առավել մասնագիտացված, արժանիքահեն, արդյունավետ դարձնելու միտումով:

Մասնավորապես, նախատեսվում է, որ  2021 թվականին ստեղծվելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության իրավասությամբ միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե անվանումով:

Նախատեսվում է, որ մի շարք քննչական վարչություններ միավորվելու են, եւ 2021 թվականին ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, ՀՔԾ, որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը եւ հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն կլինի մասնագիտացված հիմնական մարմինը, որը կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները:

Սահմանել ենք նաեւ անցումային երեք տարվա շրջան, որի ընթացքում ԱԱԾ օպերատիվ հատվածը շարունակելու է զբաղվել կոռուպցիան բնույթի հանցագործությունների բացահայտմամբ, իսկ ՀՔՀԾ-ն եւ Քննչական կոմիտեն կարող են առանձին դեպքերում քննել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները մինչեւ Հակակոռուպիոն կոմիտեի վերջնական կայացումը»-ասաց նախարարը:

Նախարարը ընդգծեց, որ Հակակոռուպիոն կոմիտեի աշխատակիցները նախ անցնելու են բարեվարքության ստուգման գործընթաց, ինչպես նաեւ քննչական կոմիտեների աշխատակիցներին տրամադրվելու են սոցիալական լուրջ երաշխիքներ:

«Նախագծով նախատեսվում է ստեղծել նաեւ կոռուպցիոն գործերի քննության նկատմամբ հսկողություն իրականացնող մասնագիտացված ստորաբաժանում գլխավոր դատախազության կազմում:

Կարեւորվում է նաեւ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը: Նախատեսվում է ամբողությամբ բարեփոխել հայտարարագրման համակարգը՝ այդ թվում հայտարարատուների, նրանց ընտանիքի անդամների շրջանակի, հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնման, հայտարարագրի բովանդակության վերանայման, գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի միասնական համակարգի փաստացի ստեղծման եւ գործարկման միջոցով»,-ասաց Բադասյանը:

Նրա խոսքով, Ռազմավարությամբ հատուկ անդրադարձ է կատարվում հակակոռուպցիոն կրթությանը եւ իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանմանը․ «Ես հասկանում եմ, որ ցանկացած փոփոխություն վախեր է առաջացնում, բայց եկեք առանց վախերի այդ ճանապարհով գնանք»:

Նախարարը նշեց, որ ռազմավարության իրականացման ֆինանսական գնահատականը 16 մլրդ դրամի շրջանակներում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ շատ ավելի արդյունավետ է, երբ քննչական մարմինը եւ օպերատիվ բլոկը նույն կառույցի ներսում են, իսկ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունն ավելի գլոբալ հարցերով կզբաղվեն.