Կոռուպցիոն չարաշահումներ՝ Սևանի հոգեբուժարանում․ պետությանը 50մլն դրամի վնաս է հասցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

բակո

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից կատարված ստուգման արդյունքներին վերաբերող փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել նաև ՀՀ Առողջապահության նախարարությունից: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն 2014-2016թթ. ընթացքում 5 անվանում սննդամթերք ձեռք է բերել նախատեսվածից 553.900 ՀՀ դրամի չափով բարձր գներով: Պարզվել է նաև, որ ձեռք բերված և իրացված այդ սննդամթերքը սահմանված չափաբաժիններից ավելի է եղել ընդհանուր շուրջ 40մլն ՀՀ դրամի չափով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ համապատասխան ֆինանսական միջոցները պետության կողմից կարող էր հատկացվել միայն սահմանված չափաբաժիններով հաշվարկված ծախսերի չափով: Այսինքն ՓԲԸ-ն չէր կարող ունենալ դրամական միջոցների ավելցուկ՝ սահմանված չափաբաժիններից ավել և սահմանված առավելագույն չափից բարձր գներով սննդամթերք ձեռք բերելու համար:

Բացի այդ, արձանագրվել է, որ ընկերությունը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, բանակցային ընթացակարգով, առանց հայտարարության, 2015թ. դեկտեմբերի 15-ին ձեռք է բերել գնումների պլանով չնախատեսված 18 մլն. ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա:

Համաձյան ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի որոշման և դրա հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարի 2013թ. հոկտեմբերի 24-ի հրամանի՝ տվյալ դեպքում գնվող ավտոմեքենայի շարժիչի ծավալը չպետք է գերազանցեր 1,8 լիտր ծավալը, իսկ ձեռքբերման առավելագույն գինը սահմանված է 8.5 մլն. ՀՀ դրամը:

Ընդ որում, պարզվել է, որ գնումը այս չափորոշիչներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտության մասին ընկերությունն զգուշացված է եղել ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի համապատասխան գրությամբ: Մինչդեռ Ընկերությունը, առանց անհրաժեշտության հիմնավորման, ձեռք է բերել 2,7 լիտր ծավալով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա՝ փաստորեն, նախատեսվածից 9.5 մլն. ՀՀ դրամով ավելի գնով:

Այսինքն ՓԲԸ-ի ծառայողներն իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իրենաց կամ ուրիշ անձնանց օգտին են օգտագործել, ինչպես նաև վատնել են իրենց վստահված պետական միջոցները, որոնց արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 50մլն դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե: