13 հազար դրամը չի կարող լուծել բոլոր խնդիրները, բայց որոշակիորեն կմեղմացնի ծանր վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարևոր քայլ է, որն ունի ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական ազդեցություն»,- այս մասին 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Նվազագույն աշխատավարձի մասին օրենքի» նախագծի փոփոխություններին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ փոփոխությունների համաձայն նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար:

«Այսօր Հայաստանում մի խայտառակ երևույթ կա, որ կոչվում է աշխատող մարդու աղքատութուն: Որևէ մեկը չի կարող պնդել, թե 13 հազար դրամը կարող է լուծել բոլոր խնդիրները, բայց որոշակիորեն կմեղմացնի ծանր վիճակը»,- նշեց նա:

Դառնալով ներդրումների թեմային՝ պատգամավորն ընդգծեց՝ ակնհայտ է, օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով վերջին տարիներին վիճակը խնդրահարույց է. Հավելեց՝ դրանք գնալով անկում են ապրում, ամեն բան այդքան էլ լավ չի, ու շատ անելիքներ կան: «Ներդրումային միջավայր ստեղծելիս պետք է համեմատություներ անել հարևան երկրների հետ, որովհետև օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողները դիտարկում են տարածաշրջանը, նրանց համար հետաքրքիր է ամբողջկան շուկան, օրենսդրությունը, պաշտպանվածությունը և այլն»,- ասաց Խաչատրյանը: