Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիտվայի խորհրդարանի խոսնակի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Լիտվայի Հանրապետության խորհրդարանի` Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի եւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց նման մակարդակի փոխայցելությունները, որոնք միտված են նպաստելու երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների առավել զարգացմանն ու գործակցության ոլորտների ընդլայնմանը, եւ ողջունեց այս ուղղությամբ երկուստեք ձեռնարկվող քայլերը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ Հայաստանը եւ Լիտվան մշտապես ունեցել են բարեկամական կապեր` վերհիշելով լիտվացիների զորակցությունը հայ ժողովրդին Հայաստանի անկախության հռչակման եւ արցախյան գոյապայքարի սկզբնավորման օրերին:

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց քրիստոնեական հավատքին եւ հայոց պատմության ընթացքում փորձությունների հաղթահարման գործում դրա կարեւոր դերակատարությանը` մասնավորապես խոսելով Հայոց Եկեղեցու առաքելության մասին:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Լիտվայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ընդունման եւ դատապարտման առնչությամբ` կարեւորելով դա ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ արդարության վերականգնման, այլեւ մարդկության կյանքում նման ոճիրների կանխարգելման տեսանկյունից:

Լիտվայի խորհրդարանի նախագահն իր հերթին անդրադարձավ պատվիրակության առաքելությանը եւ երկկողմ հարաբերությունների առավել արդյունավորման անհրաժեշտությանը` վերահաստատելով պատրաստակամությունը Լիտվայի հարուստ փորձառությամբ տարբեր հարցերում աջակցելու Հայաստանին: Պրն. Վիկտորաս Պրանցկետիսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց նաեւ Լիտվայի Հանրապետության կրոնական խճապատկերը, խոսեց արժեհամակարգի մասին:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Լիտվայի Սեյմասի խոսնակը անդրադարձան նաեւ երկու երկրներին ու ժողովուրդներին հուզող խնդիրներին, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերահաստատման անհրաժեշտությանը եւ այդ համատեքստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Նորին Սրբությունը ներկայացրեց նաեւ այս կապակցությամբ Հայոց Եկեղեցու կողմից գործադրված խաղաղարարական ջանքերը:

Հանդիպման ավարտին Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաեւ «Ալեք եւ Մարի Մանուկյան» Գանձատուն։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news