Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում․ ԱՆ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

բակո

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը եւս մեր կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:

Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաեւ տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ:

Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն:

Կոչ ենք անում բոլորին, խնդիրները լուծել քաղաքակիրթ շփման կանոններով եւ իրավական գործընթացներով։

Մնացած մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները»: