Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածն ինձ համար անընդունելի է․ Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սեյրան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը,  անդրադառնալով նախկին ոստիկանապետը Հայկ Հարությունյանի մահվան դեպքին, հայտարարել է, որ կորցրել ենք մի մարդու, որը հասարակական, քաղաքական, պետական գործիչ է եղել:

«Այսօր քրեական գործ է հարուցված: Դրա շրջանակներում թող պարզեն, թե ինչ է տեղի ունեցել»,-ասել է նախկին ՊՆ-ն:

Հարցին՝ իր համար վստահելի՞ է ինքնասպանության վարկածը, Սեյրան Օհանյանն արձագանքել է. «Ինձ համար անընդունելի է, որովհետև ես հարգել եմ այդ մարդուն և  հիմա էլ հարգում եմ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Բջնիի իր առանձնատանը գլխի հրազենային վնասվածքով գտել են Հայկ Հարությունյանի դին։

Դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Հայկ Հարությունյանը «Մարտի մեկի» գործով առանցքային վկա էր։