ԲԴԽ-ն հյուրընկալել է ԱՄՆ կոնգրեսականների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 7, 24News

ԲԴԽ- կոնգրեսականներ

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում եղել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը, վերջինիս աշխատակազմի ղեկավար Ջոշ Քոնոլին, կոնգրեսական, Հանձնաժողովի անդամ Ջուդի Չուն:

«Կոնգրեսականներին ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Սերգեյ Չիչոյանը և Հայկ Հովհաննիսյանը: Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը ներկայացրեց օրենսդրությամբ Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակն ու Խորհրդի գործունեության կարճ ժամանակահատվածում արված աշխատանքը: Հյուրերը հետաքրքրվեցին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերով, նրանց գույքային դրությանն ու բարեվարքությանն առնչվող հարցերով, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ապահովման և արդարադատության կառավարման համակարգն արդյունավետ դարձնելու գործում Խորհրդի ունեցած դերով: Խորհրդի կողմից նշվեց, որ ուշացած արդարադատությունն անարդյունավետ արդարադատություն է, և Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքներ է տանում գործերի քննության ողջամիտ ժամկետների արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ:

Իր խոսքում Խորհրդի նախագահը նաև նկատեց, որ արդար դատաքննության բոլոր բաղադրիչներն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է առնվազն երեք անգամ ավելացնել դատավորների թիվը, մինչդեռ այսօր կա դատավորի 13 թափուր հաստիք:  Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը շնորհակալություն հայտնեց Խորհրդին իրենց հյուրընկալելու համար և ընդգծեց Բարձրագույն դատական խորհրդի հետ արդյունավետ փոխգործակցելու իրենց հաստատակամությունը: Հանդիպման ավարտին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հերթին նկատեց, որ բաց են և պատրաստակամ հետագայում ևս ցանկացած հարցի կառուցողական և առարկայական քննարկման համար»,- ասված է հաղորդագրությունում: