Հետաքրքրված ենք համագործակցությամբ. Փաշինյան՝ հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 07, 24News

.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը եւ հանդես եկել ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվության բաժնից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է WCIT 2019 մասնակից, «Infosys» կորպորացիայի համահիմնադիր, հնդկաստանցի հայտնի գործարար Նարայանա Մուրտիի հետ: Նշենք, որ «Infosys» ընկերությունն զբաղվում է էլեկտրոնային առեւտրի եւ հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների համար ծրագրային ապահովման մշակմամբ եւ խորհրդատվության տրամադրմամբ:

Փաշինյանը ողջունել է Նարայանա Մուրտիին Հայաստանում եւ կարեւորել ՏՏ ոլորտի նման հեղինակավոր կազմակերպության ղեկավարի մասնակցությունը Երեւանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսին, ինչը երկկողմանի լավ հնարավորություն է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:

«Infosys» կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրտին շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերի համար եւ նշել, որ ուրախ է այցելել Հայաստան, որտեղ անցկացվում է ՏՏ ոլորտի՝ միջազգային նշանակության կարեւորագույն միջոցառումը եւ քննարկել տեխնոլոգիական բնագավառի զարգացմանը վերաբերող, ինչպես նաեւ փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Վարչապետը խոսել է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը տրվող կարեւորության մասին եւ ընդգծել՝ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է առաջնահերթություն եւ հետեւողական քաղաքականություն է իրականացնում Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու, մասնավորապես, կրթական ենթակառուցվածքները զարգացնելու եւ տաղանդավոր մարդկանց համար համապատասխան էկոհամակարգ ստեղծելու ուղղությամբ. «Մենք կրթությունը համարում ենք մեր երկրի զարգացման կարեւորագույն շարժիչներից մեկը եւ ներկայում առաջ ենք շարժվում կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով: Մեր ՏՏ ոլորտը կայուն զարգանում է՝ տարեկան 20-25 տոկոսանոց աճ գրանցելով եւ մեծացնելով մեր երկրի գրավչությունը: Նաեւ հարկային լայն արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար»։

Վարչապետը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, ԱՄԷ «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ Ալ Շիմմարիի հետ: «Mubadala Investment»-ը միջազգային ներդրումային կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 50 երկրում եւ ներդրումային ծրագրեր իրականացնում տարբեր ոլորտներում:

Փաշինյանը ողջունել է «Mubadala Investment» ընկերության պատվիրակության մասնակցությունը նման կարեւոր միջոցառմանը, ինչը գործընկերության հեռանկարները քննարկելու լավ առիթ է: Կառավարության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունների մասին, նշել, որ լուրջ քայլեր են իրականացվել համակարգային կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ, ինչը մեծ կարեւորություն ունի ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու առումով. «Մեր ռազմավարությունն է՝ Հայաստանում զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, որտեղ հսկայական ներուժ կա: ՏՏ ոլորտը մեր երկրում դինամիկ զարգանում է, մենք ստեղծել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, եւ ձեր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը եւս հետաքրքիր է մեզ համար»։

Հոմեյդ Ալ Շիմմարին շնորհավորել է ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել համաժողովին մասնակցելու հրավերի համար: Նա ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, նշել, որ «Mubadala Investment»-ը աշխարհի ավելի քան 50 երկրներում տարբեր ոլորտներում կայուն եւ եկամտաբեր ներդրումներ է կատարում՝ նպատակ ունենալով նպաստել ինտեգրված եւ դիվերսիֆիկացված միջազգային տնտեսության զարգացմանը:

«Մենք լավ տպավորություն ունենք Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտից եւ հետաքրքրված ենք համագործակցությամբ, մասնավորապես, վենչուրային ֆոնդերի ձեւավորման ոլորտում», - ասել է «Mubadala Investment» ընկերության ներկայացուցիչը: