«Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք. քաղաքապետարանը պայմանագիր է կնքել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հայկ

Մեր օրերից՝ ուրարտական դարաշրջան. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի այցելուները պատմության ու ժամանակի միջով կճանապարհորդեն վիրտուալ շրջագայությամբ: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նման հնարավորություն թանգարանը կունենա նոր մասնաշենքի կառուցումից հետո:  

Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և «Ջոն և Սոսի Բալյան» հիմնադրամի համագործակցության արդյունքն է:

Ավելի վաղ ստորագրված մտադրությունների հուշագիրը վերածվել է պայմանագրի: Այն ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ամերիկաբնակ հայազգի բարերար Ջոն Բալյանը:

Ներդրումային ծրագրով նախատեսվում է թանգարանի անմիջապես հետնամասում կառուցել նոր` ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք, որը ճարտարապետությամբ պետք է համահունչ լինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ: Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ:

Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.5 մլն դոլարին համարժեք դրամ է:
Քաղաքապետ Հայկ Մարությանն, ընդգծելով Էրեբունի թանգարանի ընդարձակման ծրագրի կարևորությունը մայրաքաղաքի համար, նկատել է, որ այն բացառիկ նախագիծ է, որն ուրույն դեր է ունենալու Երևանի զարգացման և մշակութային կյանքի աշխուժացման գործում:

Բարերար Ջոն Բալյանն իր հերթին նշել է, որ նախագծի իրագործումը սպասված է նաև իրենց ամբողջ ընտանիքի համար: