ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News
Դատարանը բավարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը: Լրատվամիջոցների հետ զրույցում ասել է փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանի խոսքով՝ դատարանի վճիռի հիման վրա պարտավորեցվել է վճարել Օրբելյանի հարկադիր պարապուրդի գումարը: Նաև պարտավորեցվել է վճարել Օրբելյանի դատական ծախսերը:
Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի 30 օր հետո:
Փաստաբանը նշեց նաև, որ տեղյակ չեն՝ պատասխանող կողմը կբողոքարկի որոշումը,թե ոչ, դա պատասխանող կողմի դատավարական իրավունքն է և հավելեց, որ եթե անգամ բողոքարկեն տարբեր դատական ատյաններում, իրենք շարունակելու են պնդել իրենց դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատվել էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Ազատման հրամանն Օրբելյանը ստացել էր 2019 թվականի մարտի 28-ին:
Հիշեցնենք նաև, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի: