ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
«Իհարկե, ո՛չ: Ես տեղեկություն ունեմ լրատվամիջոցներից, ավելի ճիշտ՝ ապատեղեկատվություն»: 24News-ի հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսպես արձագանքեց հարցին, թե արդյոք տեղեկություն ունի՞ իր՝ աշխատանքից ազատման մասին:
«Ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, ոչինչ չկա: Ոչ մի հանդիպում չեմ ունեցել այսօր: Ամբողջ օրը եղել եմ Արմավիրի զորավաշտում»,-մանրամասնեց Տոնոյանը:
Հարցին՝ իր հրաժարականի հիմքեր շարունակո՞ւմ է չտեսնել, ինչպես ավելի վաղ նշել էր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցին՝ պաշտպանության նախարարն ասաց. «Իմ կողմից հիմքեր չկան»:
Հիշեցնենք, որ այսօր մամուլը շարունակել է տեղեկություններ շրջանառել առ այն, որ պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից, և որ մինչև օրվա վերջ կլինի նաև պաշտոնական հայտարարություն։
Քիչ առաջ, ինչպես արդեն գրել ենք, «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն» խորհրդաժողովի ժամանակ լուրը հերքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն անվանելով անհեթեթություն։
Մերի Մարտիրոսյան