Հիվանդանոցից վերադարձած դատապարտյալի մոտ հայտնաբերվել է թանկարժեք հեռախոս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

/

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկությունների սենյակում անձնական խուզարկության են ենթարկել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից «Արթիկ» ՔԿՀ վերադարձված դատապարտյալ Դ. Վ.-ին: Վերջինս մինչ խուզարկության ենթարկվելն ինքնակամ ներկայացրել է ձեռքի պայուսակում թաքցրած բջջային երեք հեռախոսը, որոնցից մեկը թանկարժեք՝ «Vertu» ապրանքանիշի, լյուքս դասի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Այնուհետ անձնական խուզարկությամբ դատապարտյալի գուլպայի միջից հայտնաբերվել է ևս մեկ բջջային հեռախոս, իսկ ձախ աճուկային հատվածից՝ քուղով կաշվե փաթեթ, որի մեջ եղել է հավանաբար թմրամիջոց հանդիսացող դեղնավուն, թանձր հեղուկով լի 10 մլ տարողությամբ սրվակ:

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ: