Փորձելու ենք Թուրքիայի և Սիրիայի միջև երկխոսություն սկսել․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Լավրով

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի օրինական մտահոգությունները Սիրիայի հետ սահմանի վիճակի հետ կապված պետք է լուծվեին առկա պայմանավորվածությունների հիման վրա։

«Հասկանում ենք սեփական սահմանների վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության օրինական մտահոգությունը։ Միաժամանակ ամեն կերպ ընդգծել ենք այդ մտահոգությունները Դամասկոսի և Անկարայի միջև պայմանավորվածությունների՝ 1998-ի, այսպես կոչված, Ադանայի համաձայնագրի շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը։

Ցավոք, այդ համաձայնագրի արդյունավետ իրականացումը, որը ենթադրում էր Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին ահաբեկչական ակցիաների կասեցմանն ուղղված ջանքեր, դժվարացավ Եփրատի արեւելյան ափին ամերիկացիների եւ նրանց գլխավորած կոալիցիայի գործողություններով։

Երկար տարիներ զգուշացնում ենք այդ փորձարկման ծայրահեղ վտանգավորության մասին, որն ամերիկացիներն այնտեղ իրականացնում են՝ փորձելով ամեն կերպ քրդերին հակադրել արաբական ցեղերին։ Մենք զգուշացրել ենք քրդական խաղաթղթի խաղարկումից, որովհետեւ դա շատ վատ կարող է ավարտվել»,- ասել է Լավրովը և հայտարարել, որ Ռուսաստանը մտադիր է օժանդակել Դամասկոսի և Անկարայի, ինչպես նաեւ սիրիական իշխանությունների եւ քրդական կազմակերպությունների միջեւ երկխոսությանը։

«Մենք փորձելու ենք Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ երկխոսություն սկսել։ Մենք հիմքեր ունենք կարծելու, որ դա երկու կողմերի շահերից է բխում։ Կփորձենք պայմանավորվել, որ  շփումներ հաստատվեն Դամասկոսի և քրդական կազմակերպությունների միջեւ, որոնք մերժում են ծայրահեղականությունը եւ գործունեության ահաբեկչական մեթոդները»,- ասել է Լավրովը։

Ռդ արտգործնախարարը նաև հայտարարել է, որ նախագահ Էրդողանը զանգահարել է նախագահ Պուտինին, իսկ նախքան այդ Լավրովին զանգահարել էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։

«Մենք դեկոնֆլիկտինգի խողովակ ունենք, կանոնավոր կապի խողովակ, մեր զինվորականները մշտական շփման մեջ են միմյանց հետ։ Մենք շահագրգռված ենք, որ իրավիճակը շուտափույթ հանդարտվի, առաջին հերթին Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման սկզբունքի հիման վրա»,- ասել է նա։