Բանակը դարձել է «գլամուռ» կազմակերպություն իր «գլամուռ» գեներալներով և նախարարներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Բանակում վիճակը շատ վատ է։ Այն վերածվել է «գլամուռ» կազմակերպության, որտեղ «գլամուռ» գեներալներն ու նախարարներն այդ կերպարի մեջ են»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ 

«Մեր բանակը մնացել է 1995թ․-ի հայեցակարգի մեջ, որը չի համապատասխանում մեր պաշտպանությանը։ Օգտվելով 1994թ․-ի հերոս տղաների հաղթանակից՝ նրանք այդ հաղթանակի դրոշը քաշել են իրենց գլուխներին և պարզ չէ՝ ինչով են զբաղվում։ Մինչև հիմա զբաղվում էին կոռուպցիայով, հիմա խանգարում են բանակում հայկական տեխնոլոգիական զենքի ներդրմանը»,- ասել է Վարդանյանը։

Խոսելով նախորդ համակարգի ակտիվության և քաղաքական հավակնությունների մասին՝ Վարդանյանը նկատել է, որ նրանց ակտիվության համար պատասխանատու է ներկա իշխանությունը։

«Եթե նրանց շան տեղ չդներ, ամեն ինչ լավ կլիներ։ Նախկիններն ուղղակի գոյություն չունեն, և բացառվում է, որ հայ ժողովուրդը որևէ կերպ նրանց սատարի։ Նրանք գոյություն ունեն միայն ու միայն ներկա իշխանության նրանց բանի տեղ դնելու պատճառով։ Եվ սա մեծ սխալ էր։ Ինչպե՞ս կարելի է զրոյից, պլինտուզի տակից հանել Քոչարյանին ու սարքել քաղաքական ֆիգուր։ Իմ կարծիքով դա շատ մեծ սխալ էր»,- ընդգծել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։