Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը․ Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը։

«Սա իրավունք է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ որպես ՄԱԿ-ի երեք նպատակներից մեկը: Իրավունք, որին չի կարելի հակադրել որևէ միջազգային իրավունքի սկզբունք, ներառյալ և առաջին հերթին տարածքային ամբողջականությունը: Իրավունք, որ գերակայում է ցանկացած այլ միջազգային փաստաթղթի հանդեպ, լինի երկկո՞ղմ, թե՞ բազմակողմ: Եթե հակասություն կա ՄԱԿ-ի կանոնդրությամբ ամրագրված ինքնորոշման իրավունքի և որևէ այլ միջազգային պայմանագրի դրույթի միջև, գործում է ինքնորոշման իրավունքը»,-ասել է Շավարշ Քոչարյանը և հավելել, որ բոլորի պարտքն է սատարել և առաջնորդվել Արցախի ժողովրդի հստակ արտահայտված ինքնորոշման իրավունքով:

Շավարշ Քոչարյանն անդրադարձել է նաև քաղաքակրթությունների և  հակաքաղաքակրթական ուժերի միջև պայքարին՝ նկատելով, որ հակաքաղաքակրթական ուժերն անընդհատ խոչընդոտ են մարդկության զարգացմանը:

«Պատահական չէ, որ ցեղասպանություն վերապրած  հայ ժողովուրդը միշտ գտնվում է քաղաքակրթական ուժերի կողմը: Այսօր էլ մենք այդ երկու ուժերի բախումը տեսնում ենք Մերձավոր Արևելքում, որտեղ իրենց բնօրրանում ոնչացվում են ավանդական, քաղաքակրթություններ, ժողովուրդներ, ազգեր, ցեղեր: Այս ամենը վկայում է այն մասին, որ երբ խոսում ենք համագործակցության մասին, Արցախի համագործակցությունն իր բարեկամների հետ համագործակցություն է քաղաքակրթական ուժերի հետ»,-ասել է փոխարտգործանախարարը և հավելել, որ այսօրվա խնդիրը բոլոր քաղաքակրթական ուժերի համատեղ ջանքերով միասնական լինելն է, որպեսզի հնարավոր չունենան գլուխ բարձրացնել հակաքաղաքկրական ուժերը։