Նախագահը մասնակցել է «Հայրենիքի պաշտպանի» երիտասարդների ֆոտոաշխատանքների ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ներկա են գտնվել «Երևան, իմ սեր» հիմնադրամում բացված՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից, զինվորական ծառայության ընթացքում վիրավորված, առողջական խնդիրներ ձեռքբերած չորս երիտասարդների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությանը:

1

«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը նշել է, որ Հանրապետության նախագահի կողմից «Հայրենիքի պաշտպան» ձեռնարկի մասին հայտարարելուց հետո հիմնադրամը նախաձեռնել է առաջին ծրագիրը և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» բուժվող երիտասարդների համար կազմակերպել լուսանկարահանման, տեսանկարահանման և մոնտաժի դասընթացներ։ Ծրագրին մասնակցել է կենտրոնում բուժվող 11 երիտասարդ: Նրանցից Տիգրան Սարգսյանը որպես լուսանկարիչ արդեն աշխատանքի է անցել «Երևան, իմ սեր» հիմնադրամում:

1

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նախ և առաջ կարևոր է համարել ուշադրությունը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հայրենիքը պաշտպանելիս իրենց կյանքն են վտանգել, նրանցից ոմանք վիրավորվել են, առողջական խնդիրներ ձեռք բերել։ 

1
«Նրանց մեջ կան շատ երիտասարդներ, որոնք թոշակ են ստանում, սակայն այն չի կարող բավարարել երիտասարդ մարդուն։ Խնդիրը նրանց նորմալ կյանք վերադարձնելն է, և ես ուրախ եմ, որ նրանցից մի քանիսն այսօր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում։ Փայլուն և տաղանդավոր մարդիկ են, նվիրված աշխատում են ու հոյակապ արդյունքներ ունեն»,-նշել է նախագահը։

1

Անդրադառնալով ցուցադրված ֆոտոաշխատանքներին՝ նախագահը նշել է, որ յուրաքանչյուր մասնակից իր ոճն ունի. «Ուրախ եմ, որ նրանցից մի քանիսն իրենց կյանքը կշարունակեն սովորածն օգտագործելով որպես մասնագիտություն, որով հպարտ կլինեն, կստեղծագործեն և որի օգնությամբ իրենց լիարժեք տեղը կգտնեն հասարակության մեջ։

Ուզում եմ կրկնել իմ կոչը՝ եթե մեզանից յուրաքանչյուրը՝ լինի դա պետական հիմնարկ կամ մասնավոր ընկերություն, մի փոքր քայլ անի և օգնի այն երիտասարդներին, որոնք այսօր գուցե հոգեբանական, ֆինանսական դժվարության մեջ են, կարողանա կյանք վերադարձնել մեկ, երկու, երեք հոգու, ապա մեծ գործ արած կլինի»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

1

Ծրագրի մասնակից 21-ամյա Տիգրան Սարգսյանը, որը Սպիտակ քաղաքից է, նշել է, որ զինծառայության ընթացքում վիրավորվելուց հետո սկզբում իրեն թվում էր, թե կյանքը վերջացել է, բայց՝ « երբ իմացա լուսանկարչական դասընթացների մասին, ոգևորվեցի, գրանցվեցի և մեծ սիրով մասնակցեցի: Շնորհակալ եմ: Շարունակելու եմ և կարծում եմ՝ միշտ հմտանալու տեղ կա»:

1

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն Հայկուհի Մինասյանն իր խոսքում նշել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ կենտրոն առաջին այցից և իրենց շահառուներին աշխատանքի ընդունելու կոչից հետո այսօր 30-ից ավելի տղաներ աշխատում են տարբեր հաստատություններում: «Բոլոր զինվորների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն նախագահ»,- ասել է կենտրոնի տնօրենը: Նա նաև կարևորել է զինվորական ծառայության ընթացքում վիրավորված, առողջական խնդիրներ ձեռքբերած երիտասարդների համար պետության կողմից պատշաճ բուժօգնության ապահովումը:

1

Հանրապետության նախագահը հաջողություն է մաղթել տղաներին և նշել, որ դասընթացների մասնակիցները «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից որպես նվեր ստանալու են լուսանկարչական ապարատներ: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ հայտարարվում է մրցույթ՝ միևնույն թեմայով լուսանկարչության համար, որի հաղթողը կստանա երկրորդ լուսանկարչական ապարատը: «Ձեզանից յուրաքանչյուրը ցույց է տվել, որ իսկապես տաղանդավոր է,- ասել է նախագահ Սարգսյանը:- Մեր համատեղ ճանապարհը երկար է լինելու: Ես ուրախությամբ ներկա եմ լինելու ձեր ցուցահանդեսներին»: 

1