Դեռ նման օրինակներ չենք տեսել․ԱՄՆ-ն հայտնել է՝ որ դեպքում Սիրիայի հարցով կպատժի Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

Դեռ նման օրինակներ չենք տեսել․ԱՄՆ-ն հայտնել է՝ որ դեպքում Սիրիայի հարցով կպատժի Թուրքիային

Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժիչ քայլեր կձեռնարկի, եթե Անկարան Սիրիայի հյուսիս-արևելքում գործողության ժամանակ որևէ «անմարդկային կամ անհամաչափ» գործողություն կիրառի քաղաքացիական անձանց նկատմամբ: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, գրում է ՌԲԿ-ն:

Պետքարտուղարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ նման գործողություններ ասելով՝ ենթադրվում են «էթնիկ մաքրումները, քաղաքացիական բնակչության ուղղությամբ անկանոն կրակոցները»:

«Ահա թե ինչին ենք ուշադրություն դարձնում հիմա: Առայժմ նման օրինակներ չենք տեսել»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Թուրքիայի նախագահ Էրդողանը, հիշեցնենք, չորեքշաբթի հայտարարեց «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի մասին՝ ուղղված Քրդական աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Նույն օրը թուրքական ավիացիան հարվածներ հասցրեց Ռաս էլ-Այնի ուղղությամբ, հարձակման է ենթարկվել նաև Թել Աբյադը:

Դրանից հետո հաղորդվեց ցամաքային գործողության մեկնարկի մասին: Դամասկոսում թուրքական գործողությունն ապօրինի ներխուժում են գնահատում: Հարևան մի շարք պետություններ էլ, ինչպես նաև ԵՄ անդամների մեծ մասը, դատապարտել են Անկարայի գործողությունները և լարվածության սրացումից խուսափելու կոչ արել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին սպառնացել է «ուժգին հարվածել» Թուրքիային, եթե նա «ըստ կանոնների չխաղա»: Ըստ Թրամփի՝ խոսքը ֆինանսական ոլորտում միջոցների, ինչպես նաև Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների սահմանումն է: