Փաշինյանը Միրզիյոևին գոհունակություն է հայտնել հայ համայնքի հանդեպ վերաբերմունքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Nikwl

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հանդիպել Ուզբեկստանի նախագահին և քննարկել երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման հեռանկարները։ ՀՀ վարչապետի խոսքով՝ այն հանգամանքը, որ սա Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարների նման ձեւաչափով առաջին հանդիպումն է՝ մեր երկրի անկախության օրվանից ի վեր, վկայում է հայ-ուզբեկական հարաբերություններին լիովին նոր թափ հաղորդելու երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը նպաստելու երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորմանն և դրա արագ ու արդյունավետ իրագործմանը։

Շավքաթ Միրզիյոևը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ընդգծել է՝ Ուզբեկստանը ևս կարևորում է մեր երկրի հետ կապերի զարգացումը, և նման հանդիպման առիթը պետք է օգտագործել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու, երկկողմ հարաբերություններում առկա ներուժը լիարժեք իրացնելու, համագործակցությանը նոր շունչ և որակ տալու նպատակով։ Այս համատեքստում Ուզբեկստանի նախագահն առաջարկել է քննարկել միջկառավարական հանձնաժողովի ձևավորման հնարավորությունը։

Համաձայնելով Շավքաթ Միրզիյոևի առաջարկության հետ՝ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովն առաջիկայում կձևավորվի և արագ ու արդյունավետ գործունեության արդյունքում կմշակի համապատասխան իրավապայմանագրային դաշտ։ Հայաստանի վարչապետն իր գոհունակությունն է հայտնել Ուզբեկստանում հայ համայնքի նկատմամբ Ուզբեկստանի կառավարության հոգատար վերաբերմունքի, տեղացի հայերի նկատմամբ ուզբեկ ժողովրդի տածած հարգանքի և բարեկամական վերաբերմունքի համար։

Վերահաստատելով քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում հայ-ուզբեկական գործընկերության զարգացման երկկողմ պատրաստակամությունը՝ զրուցակիցները քննարկել են այդ ուղղություններով համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորությունները։ Տնտեսական կապերի ակտիվացման առումով հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը թեթև արդյունաբերության, բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկու երկրներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Կիսվելով իր դրական տպավորություններով Հայաստանում ընթացող մասշտաբային բարեփոխումների ընթացքի առնչությամբ՝ Ուզբեկստանի նախագահը ծավալուն անդրադարձ է կատարել Ուզբեկստանում գյուղատնտեսության, արտաքին առևտրի, տնտեսության այլ ճյուղերում ընթացող փոփոխությունների գործընթացին։ Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակում փոխայցելությունների անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում ձեռնարկել կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։