ԱՄՆ-ի հայ փաստաբանները ՄԻՊ աշխատակազմին են ներկայացրել ազատությունից զրկվածի իրավունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

.

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսօր դասախոսությամբ են հանդես եկել ԱՄՆ Հայ իրավաբանների միության հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համանախագահներ Գարո Ղազարյանը և Գառնիկ Քերքոնեանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Մարդու իրավունքների պաշտպանը բացման խոսքում բարձր է գնահատել Գարո Ղազարյանի և Գառնիկ Քերքոնեանի` ողջ աշխարհում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը:

Նրանք ԱՄՆ-ում հայտնի փաստաբաններ են, ովքեր անմիջական ուշադրության ներքո են պահում նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակը և աջակցում մեզ իրավապաշտպան աշխատանքներում:

Գարո Ղազարյանը ներկայացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում քրեական գործերով փաստաբանների աշխատանքի առանձնահատկությունները, ազատությունից զրկված անձանց իրավունքները և իրավապահ մարմինների պարտականությունները:

Քննարկվել են ամերիկյան իրավակիրառ պրակտիկայից վերցված կոնկրետ օրինակներ՝ դրանք համեմատելով Հայաստանում ձերբակալության և կալանավորման դեպքերի հետ:

Գառնիկ Քերքոնեանը մանրամասն անդրադարձ է կատարել իրավական ճիշտ վերլուծություն իրականացնելու կանոններին, այդ վերլուծություններում կոնկրետ գործերով փաստերի ու օրենքների օգտագործման պահանջներին: Քննարկվել են փաստաբանի կողմից դատարան ներկայացվող փաստաթղթերի կազման սկզբունքներն ԱՄՆ-ում, ինչպես նաև փաստաբանի կողմից բողոք կազմելու սկզբունքները:

Հանդիպման ավարտին տեղի են ունեցել ամերիկյան փորձի համադրմամբ քննարկումներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրներով: