Թուրքիայի ՊՆ–ն հայտարարել է Սիրիայի հյուսիսում 415 «ահաբեկիչ» չեզոքացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 12, 24News

siria

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 415 «ահաբեկիչ» չեզոքացնելու մասին, տեղեկացնում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը:

«Եփրատից դեպի արևելք ընթացող «Խաղաղության ակունք» գործողությունը գիշերը հաջողությամբ է ընթացել: Ահաբեկչական խմբավորումների դիրքերին հաջող հարվածներ են հասցվել օդից և ցամաքից: Ոչնչացված ահաբեկիչների ընդհանուր թիվը հասել է 415-ի»,- ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործողության ընթացքում չեզոքացվել է 399 «ահաբեկիչ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Հայտարարվել է, որ գործողության նպատակը տարածքը «Քրդական աշխատավորական կուսակցության» անդամներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: