Կառավարական զորքեր՝ սահմանին․ քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

սիրիա

Քրդական Firat գործակալությունը, հղում անելով քրդական ինքնավարության ներկայացուցիչների հայտարարությանը, հայտնում է, որ քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանության հետ թուրք-սիրիական սահմանին կառավարական զորքեր տեղակայելու գործում: 

Ըստ աղբյուրի՝ սիրիական իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որի նպատակն է դիմակայել Թուրքիայի ագրեսիային: Սիրիացի զինվորականները կտեղակայվեն սահմանի երկայնքով, որպեսզի աջակցեն քուրդ մարտիկներով համալրված «Սիրիայի ժողովրդավարական ուժերին»։

«Սիրիայի հյուսիս ներխուժած թուրքական զորքերը վերջին 5 օրերին բազմաթիվ հանցագործություններ են կատարել քաղաքացիական բնակչության դեմ: Ագրեսորներին համատեղ հակահարված տալու համար համաձայնության ենք եկել սիրիական կառավարության հետ, որ պետք է պաշտպանության տակ վերցնի ազգային ինքնիշխանությունն ու սահմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անունով ռազմարշավ է սկսում։

Հայտարարությունից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտեցին  բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով: Իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Նիդեռլանդները հայտարարել են, որ կասեցնում են Թուրքիային զենքի մատակարարումը։