Սանասարյանը թող անհեթեթ հրապարակումներ չանի․ «վրաերթի» ենթարկված երեխայի մոր փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն

Սեպտեմբերի 12-ին ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի կողմից ենթադրաբար վրաերթի ենթարկված 9–ամյա երեխայի դեպքի վերաբերյալ այսօր՝  հոկտեմբերի 15–ին ոստիկանությունը տեղեկություն է տարածել, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Նորմալ է, որ ընտանիքը նոր է դիմում ոստիկանություն, որովհետև նրանք ակտիվիստ կամ նման այլ գործունեություն ծավալող անձինք չեն և հիմա են գտել անհրաժեշտություն ոստիկանություն դիմելու», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց վրաերթի ենթարկված մոր փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ 

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի հրապարակումներին, որոնց միջոցով նա հերքում է, որ վրաերթի է ենթարկել երեխային՝ փաստաբան Աթանեսյանը նշեց․ «Դավիթ Սանասարյանը լավ կլինի հայտարարություններ անելուց առաջ խորհրդակցի փաստաբանի հետ և անհեթեթ հրապարակումներ չանի»։

Փաստաբանի խոսքով՝ 9-ամյա երեխային կտրվի դատաբժշկի ուղեգիր և դատաբժշկական քննությունից հետո պարզ կլինի կհարուցվի՞ քրեական գործ, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ վերջերս մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ սեպտեմբերի 12-ին ժամը 14:30-ի սահմաններում, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգահարել է Ա.Ղ.-ի մորը, որն էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Դավիթ Սանասարյանը հերքել էր մամուլի հրապարակումները և ֆեսյբուքյան գրառումով հայտնել, որ մեղադրանքը շինծու է: Ըստ Սանասարյանի՝ երեխան  մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ միասին գնացել է ԲԿ: