Տանը ծեր ամուսիններ են․ կենդանի՞ են, չեմ կարող ասել․ Ցոլակյանը՝ Կապանի սողանքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Ցոլակյան

Առավոտյան, ինչպես արդեն նշել ենք, սողանքի, ապա նաև փլուզման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Կապանում։ Այդ մասին լուրը կառավարության նիստի մեկնարկին հաստատել է նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Հողի սողանք է եղել մի խրճիթի նման տուն է եղել, սողանքը տան վրա է եղել ու տունը ծածկել։ Տանը երկու մարդ կա՝ ծեր ամուսիններ։ Հիմա էնտեղ հողային աշխատանքներ են անում։ Կենդանի՞ են, թե՞ չէ, չեմ կարող ասել, տեղում պետք է պարզվի»,-ասել է Ցոլակյանը ապա տեղեկացրել, որ սողանքը շարժվող է, և կարող է էլի մի քիչ գալ․ «Տրակտորով դեմը մաքրում են, որ հանկարծ նոր բան չգա, չնայած տակը ուրիշ շենքեր՝ տներ-բաներ չկան»։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդագրություն և տեսանյութ էր տարածել՝ տեղեկացնելով, որ ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: