«Սանիթեք»-ը ֆինանսական շատ վատ վիճակում է․ «Սանիթեք»-ի մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հասարակություն

«Մոսէսքո» ՍՊԸ-ն հոկտեմբերի 11-ին սնանկության դատարան է դիմել՝ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով։ Այս մասին 24News-ը տեղեկացավ Datalex.am կայքից։

Համաձայն «Դատալեքս»-ի տվյալների՝ «Սանիթեք» ՍՊԸ-ի դեմ նաև մի շարք քաղաքացիական գործեր են հարուցվել՝ գումարի բռնագանձման պահանջով, չօգտագործված ամենամյա արձակուրդի դրամական հատուցման, վերջնահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջներով, աշխատանքի բռնագանձման պահանջով։ Հայցադիմումները ստացվել են ֆիզիկական անձանց և տարբեր ընկերությունների կողմից, ինչպիսիք են «ԼՈԿԱՏՈՐ» ՓԲԸ-ն, «ԻՆԳԼԻՇ ԹՐԵՅԴ ՀԱՈՒԶ» ՍՊԸ-ն և այլն։

24News-ը փորձեց կապ հաստատել «Մոսէսքո» ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ, սակայն ընկերությունից հայտնեցին, որ տնօրենը Հայաստանում չէ, և այլ մանրամասներ չեն կարող հայտնել։

Մեկ այլ ընկերության՝ «Լոկատոր» ՍՊԸ տնօրեն Արման Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Սանիթեք» ՍՊԸ-ը իրենց պարտք է մոտ 4 միլիոն դրամ։ Գումարի որոշ մասը վճարվել է, որից հետո կապը կորցրել են «Սանիթեք»-ի հետ։

««Լոկատոր»-ը մեքենաների վերահսկողության ծառայություն է մատուցել «Սանիթեք»-ին։ Երկար բանակցություններ ենք ունեցել նրանց հետ, վերջերս ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլի հետ եմ խոսել, 2 օր ժամանակ խնդրեց, ժամանակն անցել է, ոչ մի տեղեկություն չկա, դեռ սպասում ենք, հույս ունենք՝ կվերադարձնեն պարտքը», - նշեց Արման Խաչատրյանը։

«Սանիթեք» ՍՊԸ մամուլի քարտուղար Քնարիկ Առաքելյանը մեզ հետ զրույցում նախ անդրադարձավ մամուլում տարածված այն տեղեկություններին, ըստ որոնց՝ «Սանիթեք» ՍՊԸ-ը «Մոսէսքո» ՍՊԸ-ը պարտք է 500 միլիոն դրամ։

«Պարտքի չափը կազմում է մոտ 14 միլիոն դրամ։ Մենք 22 մատակարարի պարտք ենք որոշ չափով, ինչը գոյացել է վերջին ամիսներին, քանի որ «Սանիթեք»-ը ֆինանսական շատ վատ վիճակում է, թե երբ կվճարվեն պարտքերը, չենք կարող ասել», - նշեց Քնարիկ Առաքելյանը։

Անդրադառնալով քաղաքապետարանի հետ բանակցային գործընթացի դադարեցմանը՝ մամուլի քարտուղարը նշեց, որ այս իրավիճակում մեղավոր է ինչպես «Սանիթեք»-ը, այնպես էլ Երևանի քաղաքապետարանը։ Նա նաև նշեց, որ արբիտրաժային դատարան դիմելուն զուգահեռ, լուծումներ են փորձում գտնել գոյացած պարտքերը մարելու համար։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 3-ին հայտարարեց, որ միակողմանի ամբողջությամբ լուծարում է «Սանիթեք»-ի հետ կնքած պայմանագիրը, իսկ օրեր առաջ «Սանիթեք» ընկերության հիմնադիր Նիկոլաս Թավիլը հայտարարեց, որ արբիտրաժային միջազգային դատարան է դիմելու, և այդ մասին ծանուցել է ՀՀ կառավարությանը։

Սոնա Գրիգորյան

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news