Կառավարությունը «Ryanair»-ին 5 միլիոն չի տալու. ո՞րն է չվերթների ցածր գնի գաղտնիքը. «ՀԺ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ավիա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ «Ryanair»-ի հայկական օդային տարածք մուտք գործելու լուրը երեկվանից հանրության շրջանում լայն հետաքրքրություն է առաջացրել: էժան գնով միանգամից 4 ուղղություններով ճամփորդելու (Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից՝ Մյունխեն) հնարավորությունն առաջին հայացքից անհավատալի թվաց, ապա ոգևորեց ու տարվա մեծ ձեռքբերումների շարքում «գրանցվեց»: Սակայն, ընդամենը ժամեր անց սկսվեց քննադատությունների տեղատարափ:

Քննադատությունների թոփ եռյակի առաջին տեղում է «Ryanair»-ին «օդի տուրք»-ից (10 հազար դրամ) ազատելու որոշումը: Հոկտեմբերի 16-ին անդրադառնալով «Ryanair»-ի հետ համագործակցությանը ՀՀ վարչապետը նշել էր՝ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը»: Քաղավիացիայի կոմիտեն նոր 4 ուղղությունների համար «օդի տուրքը» հանելու օրինագիծը ներկայացնելու է Խոհրդարան: Արդյունքում իռլանդական խոշորագույն ավիաընկերությունն առաջին է, որ կարող է ազատվել այս տուրքից:

Շատերի համոզմամբ՝ ՀՀ Ազգային ժողովը պետք է մերժի միայն մեկ ավիաընկերությանն արտոնություններ տալու նախագիծը: Ըստ մտահոգների՝ ավիատոմսերի թանկ լինելը համալիր խնդիր է և պետք է համակարգային լուծումներ տրվեն, վերացվեն տեղական ավիաընկերությունների ստեղծման խոչընդոտները: Հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադառնալով Եվրոպայի ամենամեծ ավիացիոն ընկերություններից մեկի հետ համագործակցությանը նշեց. որդեգրել են սկզբունք, որ այն ուղղությունը, որ վերջին 12 ամսվա ընթացքում չի սպասարկվել, այդ ուղղություններով «օդի տուրք»-ը կհանվի, և սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին՝ առանց բացառության: Ըստ վարչապետի՝ փոփոխությունը իր հետևից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում: Որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների, հօգուտ տուրիզմի:

Քննադատությունների թոփ եռյակում է ՀՀ կառավարության կողմից հավելյալ բյուջեի տրամադրումը «Ryanair»-ին: Շատերի խորին համոզմամբ՝ պետբյուջեից ավիաընկերությանն է հատկացվելու տարեկան մոտ 5 միլիոն դոլար, և որ առանց բյուջեից խոստացված այդ գումարի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ոչ մի հաջողության չէր հասնի իռլանդական ընկերության հետ բանակցություններում: Նմանատիպ կարծիք էր արտահայտել նաև հայտնի Բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ անդրադառնալով «Ryanair»-ի՝ հայկական օդային տարածք մուտքին: Նա համոզմունք է հայտնել, որ այն բանից հետոերբ Հայաստանի բյուջեից հատկացրին մոտ 5 միլիոն դոլար, «Ryanair»- ը անմիջապես համաձայնեց թռիչքներ իրականացնել: «Տաթևիկը պարզապես թռավ Եվրոպա և նրանց հանձնեց Նիկոլի որոշումը»,- կասկած չունի Լապշինը:

Նա նաև նկատել է, որ դեռևս 2015-ին Սերժ Սարգսյանի օրոք «Ryanair»-ը հստակ սահմանել էր իր պայմանները` կա՛մ դուք կրում եք ծախսերը, և մենք գալիս ենք Հայաստան, կա՛մ չեք կրում, չենք գալիս»: «Ryanair- ի և Wizzair- ի հետ բանակցությունները դեռ Սերժի օրոք էին՝ Տաթևիկից շատ առաջ, պարզապես հին իշխանությունները հրաժարվեցին բյուջեից վերցնել 76 դոլար մեկ ուղևորի համար: Հետևաբար, «Ryanair»- ը չեկավ»,- գրել է Լապշինը:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու համար «Ryanair» ավիաընկերությանը ՀՀ կառավարությունը որևէ ֆինանսական աջակցություն չի առաջարկել, բացի վարչապետի նշած արտոնությունից:

Միանշանակ լոուքոսթերների նման ցածր գներն ունեն իրենց պարզ պատճառները:

Նախ, ավիաընկերության ինքաթիռներում ամեն ինչ վճարովի է, հաճախ տոմսից թանկ՝ հարմարավետ տեղերի ամրագրում, սնունդ, ուղեբեռ, ձեռքի բեռ, անգամ վերարկու և այլն: Ուղեբեռի չափը շատ փոքր է՝ 15%-ով փոքր, քան մնացած ավիաուղիներինը, իսկ ավելի բեռն ավելի թանկ է, քան մնացածների պարագայում է: Տոմսը ներառում է ընդամենը մեկ ուղեբեռ:

Ավիաընկերության նոր օդանավերը մատակարարվում են չշարժվող նստատեղերով, առանց նստատեղի գրպանների, նստատեղերը խիտ են, իսկ անվտանգության թերթիկները փակցված են նստատեղերի հետևում։ Սա նպաստում է ինքնաթիռի վրա խնայողությանը, ինչպես նաև օգնում աշխատակիցներին մաքրել այն կարճ ժամանակում։ Օդակայանները հին են ու հեռու, ուղևորները դեպի օդանավ տեղափոխվում են ավտոբուսով, երբեմն ոտքով, բայց օդանավերը միշտ նոր են, մի քանի տարվա, որպեսզի վառելիքի ծախսը նվազագույն չափով լինի:

2009 թվականից Ryanair-ը վերացրել է օդանավակայանում գրանցումը, ամեն ինչ առցանց է՝ տոմսի գնում, թռիչքի գրանցում և այլն: Ուղևորները, որոնք կգան օդանավակայան առանց առցանց գրանցման՝ տուգանվում են 55 եվրոյով։ Դե իսկ տոմսերը սպառվելուն զուգահեռ, ինչպես ամենուր, թանկանում են մի քանի անգամ:

Չնայած սրան՝ Ryanair-ը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, ըստ որի՝ Հայաստանում գործունեության մեկնարկի կապակցությամբ ընկերությունը ակցիա է հայտարարում: Մինչև 2020 թվականի մայիսը նախատեսված ուղևորությունները մինչև 2019 թվականի հոկտեմբերի 18-ի կեսգիշեր ամրագրելու դեպքում տոմսերի գինը կմեկնարկի 29 եվրո 99 ցենտից: Իսկ ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛ Բրայանը հոկտեմբերի 16-ին պատասխանելով լրագրողների հարցերին ընդգծել էր, որ ընկերությունը հայկական շուկայում գործունեություն կծավալի ցածր գներով, սակայն բարձր արդյունավետությամբ։ Սկզբում յուրաքանչյուր ուղղությամբ շաբաթական կլինի երկու թռիչք, հաջողության դեպքում՝ դրանց թիվը կավելանա։ Ryanair-ի չվերթներն ուղիղ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news