Վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակություն

Երևանում հանցագործություն կատարելու համար կասկածյալներին հետապնդելու ժամանակ մարմնական վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, հավանաբար այսօր կամ վաղը դուրս կգրվի հիվանադանոցից: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Ոստիկանը հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրվանից արդեն քայլում էր, բժիշկների ուղեկցությամբ նաև մասնակցել է  զոհված գործընկերոջ հոգեհանգստի արարողությանը», - հավելեց մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել էր, իսկ նրա ծառայակիցը` Ա. Հակոբյանը, «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: