ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացել են Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման դեմ բանաձևի վերաբերյալ լսումներ, որտեղ հանդես է եկել նաև Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Կոնգրեսականը հայտարարել է, որ, ԱՄՆ-ն 1940-ական թվականներից սկսած, պաշտպանել է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային՝ ժխտելով 1915 թվականի հայերի ցեղասպանությունը։
«Դա անելով՝ մենք, որ աջակցում ենք ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությանը, որի հիմքում ընկած են պատիվն ու ճշմարտությունը, մեզ ստորացրել ենք լռությամբ»,- նշել է կոնգրեսականը, ապա հավելել, որ ժամանակն է ճանաչել 1915 թվականին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը ձայների ճնշող մեծամասնությամբ:
Նույն կոչը դեմոկրատ Թեդ Լիուն հայտարարել է նաև CNN-ի եթերում։
«Մենք ոչ միայն պետք է պատժամիջոցներ սահմանենք Թուրքիայի դեմ, այլև, ըստ իս, եկել է ժամանակը, որպեսզի մենք պաշտոնապես ճանաչենք Հայոց ցեղասպանությունը»,-հայտնել է Թեդ Լիուն: