Հայաստանում և Արցախում խարդախություն անելու համար մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

քննչական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է զգալի չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա կնոջը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 23-ամյա կնոջ  կողմից կատարված  19 դրվագ խարդախության դեպք:

Այսպիսով՝ 23-ամյա կինը՝ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով, սոցիալական կայքերի միջոցով  ներկայացել է  որպես կահույքի վաճառքով զբաղվող անձ և մոլորության մեջ գցելով Երևան քաղաքում, ԼՂՀ-ում, ՀՀ-տարբեր մարզերում բնակվող մի շարք անձանց, պայմանավորվածություններ է ձեռք բերել նրանց հետ, ովքեր պատվիրած կահույքի գնման և առաքման համար իր հաշվեհամարին են փոխանցել  զգալի չափերով գումար, սակայն չի կատարել կահույքի առաքումը՝ խաբեությամբ տիրանալով իր հաշվեհամարին ուղարկված գումարներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա կնոջը  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: