Չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար, հեռանում եմ պարզ ճակատով․ Սարհատ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

«Մանուկ Վարդանյանի ու ձեզանից շատերի շնորհիվ քաղաքաշինության նախարարությունից պոկվելով՝ սա ժամանակին դարձավ կուռ համակարգ, բայց չի կարող արդյունավետ աշխատել, եթե մնացած մասերում խնդիրներ կան»,- Կադաստրի կոմիտեում աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշեց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նա, անդրադառնալով իր հրաժարականին, ասաց. «Իսկ որ ոմանք առանց պատկերացում կազմելու՝ ինչ է իրականում Կադաստրը, ասում են, թե Կադաստրը միայն գրանցող մարմին է, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար։ Իմ գնալուց հետո, հույս ունեմ, որ վերջերս համակարգ եկածները կաշխատեն առաջվա ռիթմով, հնուց եկածներն էլ կշարունակեն նոր գաղափարներն իրագործել։ Ուզում եմ ձեզ ասել որ, սա ֆանտաստիկ թիմ է»։

Սարհատ Պետրոսյանը հույս հայտնեց, որ նախկին վիճակին չեն վերադառնա, և որ նոր ղեկավարությունը կգնա այլ ճանապարհով։

«Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով, բայց երբեք որեւէ մեկի հանդեպ անձնական վերաբերմունքով դրդված քայլ չեմ արել, իմ վերաբերմունքը միշտ պայմանավորված է եղել համակարգն արդյունավետ դարձնելու մղումով…Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով»,-ասաց նա։