Անընդունելի է մարդու մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը․ Գոռ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

Արթուր Սարգսյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի լրագրող գործընկերներ այսօր դիմել էին ինձ՝ մեկնաբանելու համացանցում տարածված՝ Արթուր Սարգսյանի մահվան, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցների փոփոխության, նշանակված փորձաքննությունների մասին Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունները: Ուզում եմ ներողություն խնդրել, որ չեմ կարող բավարարել այդ ակնկալիքը՝ մի քանի պատճառով:

Նախ՝ այդ խնդրի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազն անձամբ շատ պարզ և շատ հանգամանալից պարզաբանումներ ներկայացրել է դեռևս 2017թ. Ազգային ժողովում ՀՀ դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում: Այդ պարզաբանումն այնքան մանրամասն և սպառիչ է, որ դրան ավելացնելու ոչինչ այս պահին չկա: Ի դեպ, այդ հարցին ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև այս տարի՝ 2018թ. գործունեության մասին հողորդումն Աժ-ում ներկայացնելիս՝ ի պատասխան պատգամավորներից մեկի կողմից հնչեցված հարցի:

Բայց այդ, Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ և ընթանում է քննություն՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզելու ինչպես մահվան հանգամանքները, այնպես էլ դրան հանգեցրած պատճառները՝ վերջինիս համատեքստում նաև գնահատականներ տալու բոլոր իրավասու անձանց գործողություններին: Քրեական գործով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննության նկատմամբ իրականացվում է դատախազական հսկողություն, և այդ համատեքստում այս պահին լրացուցիչ մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես քննությունն ուղղորդելու դրսևորում:

Այնուամենայնիվ,անընդունելի է մարդու մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը հատկապես այն պարագայում, երբ ոմանց կողմից փորձ է արվում հանկարծակի բստրած անկեղծանալու «ազնիվ» մղումներով դրա վրա ինքնարդարարացման տեղեկատվական արշավներ կառուցել: Դատախազությունն այդ սադրանքներին չի տրվելու:

Եվ վերջում՝ ես առիթ ունեցել եմ նշելու, որ հետևելով իր իսկ հորդորին՝ դատախազությունը ժամանակ չի տրամադրելու՝ այսուհետ մեկնաբանելու Արփինե Հովհաննիսյանի՝ այս կամ այն կերպ դատախազությանն առնչվող հայտարարությունները»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news