64-ամյա կնոջ դաժան սպանության կասկածյալը ՊԵԿ նախկին նախագահ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Մաշադյան

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ միջոցառումներ, բացահայտել են հոկտեմբերի 22-ին Երևանի Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակչուհի, 64-ամյա Ց. Բ.-ի առանձնակի դաժանությամբ սպանությունը: Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Ավելի ուշ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայացել նույն շենքի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանը:

Ըստ աղբյուրի՝ վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարվածը և քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել: Աղբյուրը նաև նշում է, որ նա ՀՀ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է, սակայն երկար տարիներ նրանց միջև ոչ մի շփում չի եղել:

«Կարելի է ասել՝ Գ. Մաշադյանն իր կյանքը վարել է եղբորից անկախ և նրանք երկար տարիներ միմյանց չեն հանդիպել»,-գրում է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմանում ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում սպանություն է տեղի ունեցել: Ոստիկաններն ու քննիչները բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել էին տանտիրուհու՝ 64-ամյա Ց. Բ.-ի դին:

Դատաբժիշկը, զննելով դին, իրավապահներին տեղեկացրել էր, որ նրա մարմնի վրա կա սուր կտրող-ծակող գործիքով պարանոցի շրջանում կտրած-պատռած վերք, կրծքավանդակի և որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքեր: Տան որոշ սենյակներ ամբողջովին տակնուվրա էին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: