Գագիկ Խաչատրյանի ազատության համար 230 մլն դրամի գրավ է առաջարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանը Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Խոսքը վերաբերվում է Խաչատրյանին պատկանող առանձնատանը և այլ տարածքներում  խուզարկություններ իրականացնելու թույլատրություն տալուն, նրան կալանավորելու, նաև կալանքը երկարաձգելու միջնորդություններին։

Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։ Փաստաբանը նկատեց, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները քննում է նույն դատավորը։

«Ինչպե՞ս է ստացվում, որ նույն դատավորին է մակագրվում գործը։ Դատարանի այն պատճառաբանությունը, թե նա է հերթապահ դատավորը, հիմնավոր չէ,  քանի որ այս նստավայրում հերթապահ դատավորները 5–ն են և այլ դատավորի կարող էր մակագրվել»,–ասաց պաշտպանը։

Երեմ Սարգսյանը Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց, միջնորդել է թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ առաջարկելով 230 մլն դրամը։

Նշենք, որ դատարանն, այնուամենայնիվ, մերժել է պաշտպանի ինքնաբացարկի միջնորդությունը։