Ես չեմ սիրում օրենք խախտել․ եթե լինեմ մեղավոր, պատրաստ եմ պատիժս կրել․ Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Առուշ

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ 2018-ի մարտի 2-ին իր առջև դրված է եղել Գագիկ Հարությունյանի՝ մարտի մեկին թվագրված  դիմումը պաշտոնից ազատվելու մասին:

«Մնացածը թող իրավապահ մարմինները որոշեն` ինչո՞ւ են ուշ դրել «Մալբերի» համակարգ, այդ ամենն իրենց խնդիրն է»,-ասել է Բաբլոյանը, ապա հավելել․ «Այդ ժամանակ համակարգը նոր է ներդվել, և աշխատողների երևի կեսից ավելին «Մալբերի»-ին լավ չեն տիրապետել։

Ամեն դեպքում եթե լինեմ մեղավոր, պատրաստ եմ պատիժս կրել, բայց, միևնույն ժամանակ, ուզում եմ ժողովրդին հայտարարել, որ ես օրինապահ եմ: Այսինքն՝ ես չեմ սիրում օրենք խախտել, չեմ սիրում ինքնագործունեությամբ զբաղվել: Ինչ անում եմ, անում եմ օրենքի շրջանակում, մանավանդ պաշտոնում եղած ժամանակ:

...Իմ սեղանին եղել է այդ դիմումը, որի հիման վրա ես հայտարարություն եմ արել: Այսքանը», - ասել է Բաբլոյանը:

ՀՔԾ-ն հոկտեմբերի 22-ին Արա Բաբլոյանին ներգրավվել է որպես կասկածյալ` իշխանությունը յուրացնելու կասկածանքով: Նույն գործի շրջանակում ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ՍԴ-ից մարտի 5-ին ստացված գրությունը հետին ամսաթվով՝ մարտի 2-ին, ԱԺ մուտք անելու ցուցում տալու համար: 

Ավելի վաղ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը, որն այդ ժամանակահատվածում պատասխանատու է եղել փաստաթղթաշրջանառության համար «Հրապարակ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՍԴ-ն գրությունն ԱԺ է ուղարկել մարտի 2-ին։ Այն հաստատել է նաև Արա Բաբլոյանը:

ԱԺ ընդհանուր բաժնի ղեկավար Ռուզաննա Արզումանյանն իր հերթին հայտարարել էր, որ Արսեն Բաբայանն իրեն որևէ ցուցում չի տվել ՍԴ-ից ստացված գրության հետ կապված:

Արսեն Բաբայանն այս պահին կալանավորված է։ Ըստ մեղադրանքի՝ նա կեղծ հիմքեր է ստեղծել ՍԴ լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար։ Դա հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու և այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու համար: