Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը հրավիրվել են ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

քաղաքական
24News-ի տեղեկություններով Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են։ 

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը՝ նշելով, որ առաջիկայում այս մասին կտրվի պաշտոնական հայտարարություն։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով։

Հիշեցնենք նաև, որ ըստ ՀՔԾ-ի՝ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ 

Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: