Արտակարգ դեպք. 26-ամյա տղան 13-ամյա աղջնակին BMW-ով առեւանգելուց հետո վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի իր տան բակից 13 տարեկան աղջկան ավտոմեքենայով փախցրել են։ Նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանները կարճ ժամանակում պարզում են, որ նշված ավտոմեքենան BMW մակնիշի ավտոմեքենա է, որով առեւանգել են նույն գյուղի բնակիչ 13-ամյա Ն. Խ-ին։ Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ երեխային առեւանգել է 26-ամյա Արթուր Դ․-ն՝ իր ընկերոջ՝ 24-ամյա Ռաֆայել Հ․-ի հետ։ Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են նաեւ, որ BMW-ն վարել է Ռաֆայել Հ․-ն, որը նույն օրը Առատան գյուղի վարչական տարածքում վթարի է ենթարկվել եւ ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։