Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 25, 24News 

Ավինյան

Հոկտեմբերի 25-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: 

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների իրավունքների պաշտպանությանը և մարդկային կապիտալի զարգացմանը, ինչը հասարակական ու տնտեսական առաջընթացի կարևոր նախապայմաններից է: Այս առումով փոխվարչապետը նաև բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում:

Տանյա Ռադոչայը ներկայացրել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկա ծրագրերը և նախաձեռնությունները` նշելով, որ անցած 25 տարիների ընթացքում կառույցը իր առաքելությունն իրականացնելու հարցում զգալի արդյունքների է հասել և ընդհանուր առմամբ երկրում երեխաների բարեկեցությունը առաջընթաց է գրանցել: Նա նաև գոհունակություն է հայտնել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի նկատմամբ կառավարության աճող ուշադրություն կապակցությամբ:

Տանյա Ռադոչայը նշել է, որ հաշվի առնելով կառավարության մեկնարկած նախաձեռնությունները բնակչության աճը խթանելու ոլորտում, իրենք պատրաստ են աջակցել Հայաստանում ընտանիքամետ քաղաքականությունների իրականացմանը:

Փոխվարչապետն ասել է, որ կառավարությունում լավ են հասկանում, որ ներդրումը երեխաների բարօրությունում դա ներդրում է Հայաստանի ապագայում: Իսկ երեխաների և դեռահասների համար լավ պայմանների ստեղծումը մեծապես նպաստում է ներառական հասարակության ձևավորմանը:

Տիգրան Ավինյանը և Տանյա Ռադոչայը քննարկել են նաև մարզերում նախադպրոցական հաստատությունների ծածկույթի մեծացմանը և երեխաների ոլորտում վիճակագրությանը վերաբերող հարցեր: