«Փորձաքննությունների ազգային բյուրոն» արձագանքել է Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

.

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արթուր Սարգսյանի՝ հանրությանն առավել հայտնի «Հաց բերողի» մահվան հանգամանքներին և թվարկել նրանց, ովքեր ըստ նրա՝ պատասխանատու են «Հաց բերողի» քրեական գործով որոշումների կայացման համար։

Որոշումներ կայացնողների թվում, Հովհաննիսյանը հիշատակել է նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը, ով ըստ նրա՝ պատասխանատու է հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար։ Հովհաննիսյանը  անդրադարձել է նաև 2017 թվականի փետրվարի 8-ին «Հաց բերողի» գործով ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը և հարց բարձրացրել. «Ինչու՞ է կրկնակի փորձաքննությունը տևում ութ օր, ու այդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց այդ եզրակացության պատասխանը ստացվում է, անմիջապես նույն օրը Արթուրին ձերբակալում են (արդյոք քննիչը նախապես գիտե՞ր պատասխանի մասին) ու հաջորդ օրը կալանավորում»։

Այս առնչությամբ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հարկ է համարում պարզաբանել.

Արթուր Սարգսյանի գործով փորձաքննության տրամադրման ժամանակահատվածում՝ 2017 թ. հունվար-փետրվար ամիսներին Արգամ Հովսեփյանը չի հանդիսացել փորձագիտական հիմնարկի ղեկավարը (ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հուլիսի 19-ից հետո)։ Արթուր Սարգսյանի գործով կրկնակի դատաբժշկական փորձաքննության կատարումը կազմակերպել, ինչպես նաև փորձագետների կազմը որոշել է տվյալ ժամանակահատվածում ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ա. Ջավադյանը։

Ավելին, նշված ժամանակահատվածում Կազմակերպության դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած դատաբժշկական փորձագետ Արգամ Հովսեփյանն առհասարակ ներգրավված չի եղել Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ նշանակված դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կազմում և այդ գործով երբևէ հանդես չի եկել որպես փորձագետ։

Ինչ վերաբերում է տվյալ գործով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների մասնակցությամբ կատարված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության կատարման ժամկետներին և տրված եզրակացությանը, ապա հարկ ենք համարում ընդգծել.

•             Փորձաքննությունը կատարվել է ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ,

•             Փորձագետները քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներն ու պարտականություններն իրացրել են լիարժեք և պատշաճ կերպով։

Փորձաքննության շրջանակներում քրեական վարույթն իրականացնող մարմնից պահանջվել, ստացվել և հետազոտել են փորձաքննվողի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերի տվյալներն ու պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի շրջանների ընդգրկումով համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրությունների պատկերները։ Պահանջվել է նաև ներկայացնել փորձաքննվողին՝ Արթուր Սարգսյանին, սակայն վերջինս  հրաժարվել է ներկայանալ։ Փորձաքննությանը ներկայանալուց հրաժարվելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի գրությունը ստանալուց հետո, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ, 245-րդ և 250-րդ հոդվածների պահանջներով, փորձագիտական հանձնաժողովը, որում որպես փորձագետ ներգրավված են եղել ոլորտի առաջատար նեղ մասնագետներ, ներկայացված բժշկական տվյալների հիման վրա ավարտել են փորձաքննությունը:

Փորձաքննության՝ 8-օրյա ժամկետում կատարման առումով, հարկ է նշել, որ փորձաքննության կատարման ժամկետներ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում, իսկ փորձաքննության կատարման ժամկետները կախված են անհրաժեշտ հետազոտությունների ծավալներից և փորձաքննության տեսակից, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով փորձագետների կողմից հնարավոր հետազոտությունների և դատավարական իրավասությունների ու պարտականությունների լիարժեք իրացման պայմաններում փորձաքննությունը կարող է ավարտվել և գործնականում ավարտվում է նաև ավելի կարճ ժամկետում:

Թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ ենք համարում պարզաբանել.

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված և այդ ժամկետում գործող «ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ»-ի 37-րդ կետի՝ ասկրամկանային համակարգի հիվանդություններից անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում դասվում է բացառապես այն դեպքում, երբ դրսևորվում է ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, ինչն ունի որոշիչ նշանակություն։ Այն ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարության 825-Ն որոշման վերը նշված 37-րդ կետի մեկնաբանությամբ թվարկված երևույթներից բոլորի միաժամանակյա առկայությունը պարտադիր է, այսինքն` տվյալ հիվանդության ծանր պրոգրեսիվող ընթացքից զատ օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարմամբ զուգորդման պայմաններում է միայն հնարավոր տվյալ հիվանդությունը դասել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում: Այսպիսով` օրենսդրական կարգավորումների պայմաններում ստացվում է, որ այն դեպքում, երբ որևէ անձ տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, որը սակայն չի զուգորդվում օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, ապա նրա հիվանդությունը չի կարող դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում:      

Ինչ վերաբերում է Բեխտերևի հիվանդությամբ տառապող անձանց մահվան հնարավոր պատճառներին, ապա հարկ է նշել, որ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը), առավել ևս տվյալ հիվանդության հետևանքով ներքին օրգանների ախտահարումների և ֆունկցիոնալ խանգարումների բացակայության պայմաններում, ինքնին չի կարող պատճառահետևանքային կապի մեջ գտնվել անձի մահվան հետ: Առհասարակ հարկ է նշել, որ նման հիվանդությամբ տառապող անձանց մոտ սուր բարդությունների զարգացում, նույնիսկ րոպեների ընթացքում կարող է դիտվել օրինակ վիրահատության կատարման համար ընդհանուր անզգայացման նպատակով շնչափողի դժվար ինտուբացիայի անհաջող և/կամ ձգձգված փորձերի և այլ պատճառներով, նշվածով պայմանավորված արհեստական շնչառության ժամանակին և լիարժեք ծավալով չիրականացման և դրա արդյունքում ծանր հիպօքսիայի, թոքերի և գլխուղեղի սուր այտուցի և փոխկապակցված այլ բարդությունների զարգացման արդյունքում: Արթուր Սարգսյանը ըստ լրատվամիջոցներում զետեղված տեղեկությունների, ենթարկվել էր վիրահատական միջամտության, ուստի այս առումով օբյեկտիվ իրականությունը պետք է պարզել նմանատիպ բոլոր հանգամանքների բազմակողմանի և լրիվ ուսումնասիրության արդյունքում, այլ ոչ թե խնդիրը վերլուծել մակերեսորեն:

Ամփոփելով վերոգրյալը՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո»–ն հորդորում է զերծ մնալ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, չփորձել Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքը շահարկելով կասկածի տակ դնել մեր երկրում կարևոր առաքելություն իրականացնող փորձագիտական կառույցի հեղինակությունը։